Թեհրանում Պուտինը հանդիպել է Իրանի ու Թուրքիայի ղեկավարության հետ: Մոսկվան հայտարարել է, որ քննարկված հարցերի մեծ մասում Իրանի հետ դիրքորոշումները մոտ են կամ նույնական
Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Թեհրանում աջակցություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած ագրեսիային: Դրա մասին է տեղեկացնում Իրնա իրանական պետական գործակալությունը, ըստ որի՝ անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ Խամենեին մեղադրել է արևմտյան տերություններին և ՆԱՏՕ դաշինքին ստեղծված կացության մեջ:
Ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը, Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ բանակցություններին Խամենեին, ըստ Իրնա գործակալության, անդրադարձել է նաև Հայաստանին՝ ընդգծելով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Հայաստանի հետ Իրանի սահմանի արգելափակմանը»:
Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը Մոսկվայում լրագրողներին ասել է, որ Խամենեիի հետ շփումները շատ կարևոր էին։ Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարների միջև ընթացել է ջերմ երկխոսություն երկկողմ և միջազգային օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ, իսկ հարցերի մեծ մասում կողմերի դիրքորոշումները մոտ են կամ նույնական։
Սակայն որոշ վերլուծաբաններ թերահավատորեն են վերաբերվում Ռուսաստանի և Իրանի հռչակված բարեկամության ուղեգծին, գրում է CNN-ը՝ մեջբերելով Միջազգային ճգնաժամային խմբի Իրան ծրագրի տնօրեն Ալի Վայեզիին, ով գտնում է, որ հանդիպումը հիմնականում ազդարարում էր հնարավոր համագործակցության եզրերը: Նախկինում Ռուսաստանը միշտ «ավելին է խոստացել և չի կատարել իր խոստումները և նույնիսկ «մի քանի անգամ թիկունքից հարվածել Իրանին և վաճառել նրան ավելի շահավետ գործարքի պարագայում, ասում է Վաեզը: Ըստ նրա՝ սակայն, բնական է, որ երկու երկրները ձգտում են ամրացնել կապերը՝ հաշվի առնելով արևմտյան պատժամիջոցների գործոնը:
Your browser doesn’t support HTML5
Կողմերի միջև անվստահության տեսակետը կիսում է նաև վերլուծաբան Մայքլ Ռուբինը:
«Ռուս-իրանական պաշտոնական հարաբերությունները երբեք այսքան ջերմ չեն եղել վերջին ավելի քան 500 տարվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, Իրանի ներսում դեռևս պահպանվում է խորը անվստահություն ռուսական ներկայության, ռուսական քաղաքականության և Ռուսաստանի հավակնությունների հանդեպ»,- ասում է AEI հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը:
Պուտինի այցին Թեհրան նախորդել էր ամերիկյան կողմի բացահայտումը, որ Իրանը ծրագրում է Ռուսասատնին տրամադրել ռազմական անօդաչու թռչող սարքեր: Դրա մասին է վերջերս հայտնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ով ասել է, որ վերջերս ռուսական պատվիրակությանը ցուցադրվել են իրանական հարվածային անօդաչու սարքերը:
«Իրանի կառավարությունը պատրաստվում է արագացված հիմունքներով Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ ռազմական: Մեր տեղեկատվությունը նաև ցույց է տալիս, որ Իրանը ծրագրում է պատրաստել ռուսաստանցի մասնագետներին՝ անօդաչու թռչող սարքերը կիրառելու համար», - լրագրողներին ասել է Սալիվանը:
Թեհրանում բանակցուունների արդյունքում այս կապակցությամբ կողմերը չեն հնչեցրել որրևէ հայտարարություն: Վերլուծաբան Մայքլ Ռուբինը կոչ է անում չթերագնահատել իրանական դրոնների հզորությունը, որոնք, ըստ նրա, Իրանը կիրառում է դեռևս 1980-ականների իրան-իրաքյան պատերազմի օրերից, ներառյալ իրանական կամիկաձե դրոնները: Տարիների ընթացքում նրանց հաջողվել է ոչ միայն բարելավել դրոնների որակը, այլև գործնականում փորձարկել դրանք Իրաքում, Սիրիայում և Եմենում, նշում է Ռուբինը՝ շեշտելով դրանց կիրառումը ուկրաինական ռազմաճակատում կարող է վճռորոշ դեր ունենալ: Նրա կարծիքով՝ դրանց տրամադրումը հնարավոր է, քանի որ բխում է Թեհրանի ու Մոսկվայի շահերից՝ միտված Երկրորդ աշխարհամարտից հետո ազատական կարգի տապալմանը:
«Ես հավատում եմ, որ այս ուղղությամբ համաձայնություն կլինի: Իրանցիներին անհրաժեշտ են միջոցներ: Նրանք, անշուշտ, վայելում են Ռուսաստանի աջակցությունը մի շարք տարբեր մեխանիզմներով, ներառյալ մինչև 10 միլիարդ դոլարի աջակցությունը Իրանի միջուկային ծրագրին, ուր Ռուսաստանի ներգրավվածությունն այլևս պատժամիջոցի ներքո չէ: Հետևաբար, այս ամենը «դու ինձ, ես քեզ» քաղաքականության մի մաս է»,- ասում է Ռուբինը:
Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ԱՄՆ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Իրան ցույց է տալիս, թե ինչպիսի դժվարությունների է հանդիպում ռուսական ռազմարդյունաբերական համալիրը Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակման պարագայում: Նա կրկին վերահաստատել է ամերիկյան կողմի տեղեկությւոնը, որ Պուտինը հետաքրքրված է իրանական դրոնների ձեռքբերման հարցում: Այս հանդիպումը ևս մեկ անգամ վկայություն է, թե որքան մեկուսացված են այսօր Ռուսասատնի ու Իրանի նման երկրները, ասել է Քիրբին:
«Սա թերևս ևս մեկ անգամ վկայում է, որ պարոն Պուտինը բացարձակապես մտադիր չէ ավարտել այս պատերազմը կամ բարեխղճորեն նստել նախագահ Զելինսկու հետ բանակցությունների: Ընդհակառակը, ամեն ինչ վկայում է, որ նա անում է հակառակը, որովհետև այցելում է Իրան՝ անօդաչու սարքեր գնելու համար, որպեսզի շարունակի այս պատերազմը, շարունակի սպանել ուկրաինացիներին»,- ասում է Քերբին:
Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարած այցի ընթացքում հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմը» և Իրանի ազգային նավթային ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր և կնքեցին 40 միլիարդ դոլարի պայմանագիր, որը ներառում է, ի թիվս այլ զարգացումների, երկու գազի և վեց նավթային հանքավայրերի համատեղ շահագործում։
Սակայն «Գազպրոմի» կնքած այս գործարքը ռուս-իրանական սերտ համագործակցության բարդությունների օրինակ է, ասում է Լոնդոնում հիմնադրված «Bourse & Bazaar» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսֆանդյար Բաթմանղելիջը CNN-ին տված հարցազրույցում վերապահումով է մոտենում այս գործարքին: Այն արտացոլում է ռուս-իրանական սերտ համագործակցության դժվարությունները, նշում է նա՝ համաձայնությունը որակելով ավելի շատ արարողակարգային: «Այն Ռուսաստանին չի պարտավորեցնում ներդրումներ անել, և Ռուսաստանը չի պատրաստվում ներդրումներ կատարել Իրանի էներգետիկ ոլորտում, որն ավելի խիստ պատժամիջոցների տակ է, քան Ռուսաստանի էներգետիկ հատվածը», պնդում է Բաթմանղելիջը՝ շեշտելով՝ Իրանի էներգետիկ ոլորտում ներդրումները կհանգեցնեն ԱՄՆ-ի կողմից հարկադրված արձագանքի, որը կվտանգի Ռուսաստանի էներգակիրների արտահանումը դեպի Եվրոպա և այլ երկրներ:
Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Իրանը մրցակիցներ են գազի արտահանման ասպարեզում ու իրենց միջև համագործակցության պատմությունը լի է բացասական փորձով, ուր Իրանը իրեն հաճախ զգացել է դավաճանված Ռուսաստանի կողմից, ասում է Բաթմանղելիջը ՝ հավելելով, որ Մոսկվան հաճախ Իրանի հետ հարաբերություններում անտեսում է Թեհրանի շահը: «Երկար ժամանակ է պահանջվում երկու երկրներին իրական վստահություն ձևավորելու համար»,- ասել է նա CNN-ի հետ զրույցում։
Թեհրան կատարած իր այցի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին: Մոտ մեկ րոպե Ռուսաստանի առաջնորդը ստիպված էր սպասել ուշացմամբ հանդիպմանը ժամանած Թուրքիայի նախագահին: Իր բացման խոսքում, անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակ ուկրաինական հացահատիկի խնդրին, Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին իր միջնորդական ջանքերի համար՝ Սև ծովով հացահատիկի արտահանման խնդիրը կարգավորելու նպատակով:
«Ձեր միջնորդությամբ մենք առաջ ենք շարժվել։ Ճիշտ է, դեռ ոչ բոլոր հարցերն են լուծված, բայց որ առաջընթաց կա, արդեն լավ է»,- ասել է Պուտինը:
Իր խոսքում նա նշել է, որ առկա են շատ հարցեր սիրիական կարգավորման վերաբերյալ։ Բացի այդ, Պուտինը շեշտել է՝ «մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի նախագահին Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակներում, ով Ձեզ էր փոխանցում իր ողջույնի խոսքերը»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահը դրական է որակել այս հարցի շուրջ առաջնորդների հանդիպման փաստը և հույս հայտնել, որ ռուսական կողմը դրական դիրքորոշում կորդեգրի այս հարցի կապակցությամբ, ինչպես որդեգրել էր, ըստ Էրդողանի, վերջերս ստամբուլյան հանդիպման ընթացքում:
«Այն արդյունքը, որ մենք կստանանք այս հանդիպումից, դրական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի համար»,- ասել է Էրդողանը։
Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պուտինը հայտնել է, որ հարցը փոխկապակցված է ռուսական հացահատիկի նկատմամբ սահմանափակումների վերացման հետ: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ուկրաինական հացահատիկի արտահանմանը՝ ռուսական հացահատիկի արտահանման հետ կապված բոլոր սահմանափակումների վերացման դիմաց:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր սա Կրեմլի ղեկավարի առաջին ուղևորությունն էր նախկին ԽՍՀՄ-ի տարածքից դուրս:
Հոդվածը պատրաստվել է Reuters, Agency France-Press գործակալությունների նյութերի հիման վրա