ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը Երևան

Լուսանկարները՝ ՀՀ վարչապետի կայք՝ https://www.primeminister.am

Ինչպես հայտնի դարձավ ՀՀ պաշտոնական աղբյուրներից, հուլիսի 15-ին Երևան է ժամանել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Իր այցի ընթացքում Բըրնսը, ըստ հայկական պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների, հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:

ՀՀ վարչապետի կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հետ Ուիլյամ Բըրնսի հանդիպմանը կողմերը «քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների»:

Բացի այդ, Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ՝ Ուիլյամ Բըրնսը հանդիպել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ըստ Ազատության ռադիոկայանի, որը հղում է անում ԱԽ գրասենյակին՝ կողմերը «քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: ԱԽ գրասենյակից նաև հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Նրանք խոսել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացների մասին», գրում է Ազատություն ռադիոկայանը: