ԱՄՆ-ի հարավ-արևելյան Թեքսաս նահանգի թերթը հրապարակել է տեսահսկման կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանությունը արձագանքում Ուվալդեի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությանը:
Երեքշաբթի օրը «The Austin American-Statesman»-ի կայքում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է տասնութամյա զինված Սալվադոր Ռամոսը մտնում դպրոց, քայլում միջանցքներով և մտնում տարբեր դասարաններ: Կադրերում նաև լսվում են Ռամոսի կողմից արձակած կրակոցների ձայները, որոնց հետևանքով սպանվել են տասնինը երեխա և երկու ուսուցիչ:
Ոստիկանության աշխատակիցները դպրոց են մտել Ռամոսի ժամանելուց ընդամենը մի քանի րոպե անց: Տեսանյութում երևում է, թե ինչպես են որոշ սպաներ շտապում դեպի դասարաններ, սակայն կրակոցի ձայներ լսելուց հետո, նրանք վերադառնում են իրենց նախնական դիրքեր:
Կադրերը նաև ցույց են տալիս, թե ինչպես է դպրոցում ոստիկանության սպաների քանակը գնալով շատանում: Նրանցից ոմանք նաև կրում էին զրահաբաճկոններ: Սակայն սպաները առանց փրկարարական աշխատանք կատարելու 77 րոպե սպասում են կրակողի թիրախ դարձած երկու դասասենյակներ տանող միջանցքում: Նրանք չեն փորձում առաջ գնալ նույնիսկ այն ժամանակ երբ կրակոցների ձայները շատանում են:
Your browser doesn’t support HTML5
Մեկ ժամ և տասնյոթ րոպե անց, ԱՄՆ սահմանապահ ծառայության երկու սպա վերջապես մտնում են դասարան, գնդակահարում ու սպանում Ռամոսին՝ վերջ տալով նրա ջարդին:
Ուվալդեի իրավապահ մարմինների ձախողումը Ռամոսին անհապաղ դիմակայելու հարցում և հետաքննության արդյունքում բացահայտված մանրամասները մեծ զայրույթ են բարձրացրել դպրոցի երեխաների ծնողների և ընդհանուր Ուվալդե համայնքի մոտ:
Թեքսասի հանրային անվտանգության վարչությունը ամսվա սկզբին զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Ուվալդեի ոստիկանը բաց է թողել Ռամոսին կրակելու հնարավորությունը նախքան նրա դպրոց մտնելը: Մինչ ոստիկանը սպասում էր հսկիչի թույլտվությանը, Ռամոսը արդեն հասցրել էր դպրոց մտնել:
Ըստ «Reuters» լրատվականի, Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը և հարձակումը հետաքննող օրենսդրական հանձնաժողովը, կոչ են արել հրապարակել տեսահսկման կադրերը: Սակայն կոմիտեն նշել է, որ Ուվալդեի շրջանային դատախազ Քրիստինա Միտչել Բասբին դեմ էր տեսագրության հրապարակմանը:
Թեքսասի հանրային անվտանգության դեպարտամենտի տնօրեն Սթիվեն Մաքքրոուն «Twitter»-ում գրառում է կատարել ասելով, որ «խորապես հիասթափված է» տեսանյութը հրապարակելու թերթի որոշումից։ Ըստ նրա, սպանվածների և վիրավորների ընտանիքի անդամները պետք է հնարավորություն ունենային առաջինը դիտել այդ կադրերը:
Հոդվածը պատրաստվել է « Reuters» լրատվականի և Սալեմ Սոլոմոնի նյութի հիման վրա: