Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամլո ասուլիսում Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Վաշինգտոնը կհայտարարի Կիևին հավելյալ 800 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրման մասին: Ուկրաինայի աջակցության մասին է հայտարարել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը
Հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո Մադրիդում կայացած մամլո ասուլիսում նախագահ Բայդենը գագաթնաժողովը անվանել է պատմական։
«Պատերազմի սկսվելուց առաջ ես Պուտինին ասացի, որ եթե նա ներխուժի Ուկրաինա, ապա դա կդարձնի ՆԱՏՕ-ն ոչ միայն ավելի ուժեղ, այլ նաև ավելի միասնական։ Եվ որ աշխարհի բոլոր դեմոկրատական երկրները դեմ կլինեն նրա (Պուտինի) ագրեսիային... Դա այն է, ինչ մենք այսօր տեսնում ենք։ Այս գագաթնաժողովում մենք ամրապնդեցինք մեր դաշինքը՝ դիմակայելու համար այն մարտահրավերներին, որոնց առջև ենք կանգնած այսօր և որոնց կհանդիպենք ապագայում»,- ասել է նախագահը։
Բայդենը հիշեցրել է, որ վերջին անգամ ՆԱՏՕ-ի ռազմավարությունը թարմացվել է 12 տարի առաջ, և որ Ռուսաստանը դրանում գործընկեր է անվանվել, իսկ Չինաստանն ընդհանրապես չի հիշատակվել։
Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Ինչպես ընդգծել է Բայդենը, Միացյալ Նահանգները միավորում է աշխարհը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ այսօր Ուկրաինային օգնում են ավելի քան հիսուն երկրներ։
«Մեր դաշնակիցներն ու գործընկերներն ամբողջ աշխարհում մեծ ներդրում ունեն (Կիևին օգնելու գործում): Սա Ուկրաինային աջակցելու համաշխարհային ջանքեր է։ Նրան տրամադրվել է գրեթե 140 հազար հակատանկային համակարգ, ավելի քան 600 տանկեր, 500 հրետանային համակարգեր, ավելի քան 600 հազար հրետանային զինամթերք, ինչպես նաև ժամանակակից բազմակի արձակման հրթիռային համակարգեր։ Մենք նաև հակաօդային պաշտպանության համակարգեր ենք ուղարկել։ Իսկ ԱՄՆ-ն առաջատար է մատակարարման ծավալով։ Այն պահից ի վեր, երբ ես ստանձնեցի պաշտոնը, մենք Ուկրաինայի անվտանգության ապահովման համար տրամադրել ենք գրեթե 7 միլիարդ դոլարի աջակցություն»,- պարզաբանել է Բայդենը:
Նախագահը հավելել է, որ առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր։
Այդ նույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի կարող և չպետք է» հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում։
Նրա մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ ռուսական հրթիռները խոցեցին ուկրաինական առևտրի կենտրոնը, որի արդյունքում զոհվեց 18 խաղաղ բնակիչ:
Մակրոնն ասել է, որ G-7 երկրները մշակել են Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պահպանելու ծրագիր, որին կհետևեն «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և անհրաժեշտ ինտենսիվությամբ»:
Քանի որ Ուկրաինայում մարտերն արդեն հինգերորդ ամիսն են, Մակրոնն ասաց, որ պարզ չէ, թե երբ կավարտվի պատերազմը, բայց արևմտյան ժողովրդավարությունների նպատակն է, որ Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում:
Ֆրանսիայի նախագահն այս հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ հարձակման ենթարկված առևտրի կենտրոնում ընթանում էին փրկարարական աշխատանքներ։ Նա հարձակումն անվանել է ռազմական հանցագործություն։
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա