Նորվեգիան ենթարկվել է զանգվածային կիբերհարձակման

Երկրի հատուկ ծառայությունները կատարվածի մեջ մեղադրել են ռուսամետ հանցավոր խմբին

Անցած 24 ժամվա ընթացքում Նորվեգիայի մի շարք հաստատություններ ենթարկվել են զանգվածային DDoS հարձակման, չորեքշաբթի հայտարարել է Նորվեգիայի անվտանգության ծառայությունը՝ NSM-ը: Այդ գործողությունների մեջ այն մեղադրում է «հանցավոր ռուսամետ խմբավորմանը»:

Հարձակումները, որոնք սկսվել են գիշերվա ընթացքում, ուղղված են եղել հիմնական ծառայություններ մատուցող մասնավոր և պետական հաստատություններին, ասել է կառույցը՝ չտրամադրելով այլ մանրամասներ:

«Մենք աշխատում ենք բացահայտելու, թե արդյոք կապ կա պետական կառույցների հետ», - ավելի ուշ TV2-ին ասել է NSM-ի ղեկավար Սոֆի Նիստրոեմը: «Մենք համոզված ենք, որ ոչ մի գաղտնի տեղեկատվություն չի գողացվել»:

Չորեքշաբթի օրը խափանվել է Նորվեգիայի աշխատանքի տեսչության կայքը, և նորվեգական լրատվամիջոցները հայտնել են, որ այն եղել է հարձակման ենթարկվածների թվում։

«Վերջերս մենք տեսել ենք նմանատիպ հարձակումներ այլ երկրներում, թեև դրանցից ոչ մեկը չի հայտնել որևէ երկարաժամկետ հետևանքների մասին», - պարզաբանել է NSM-ը:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա