Միացյալ Նահանգները և Մեծ յոթնյակի մյուս երկրները նոր պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում նրա սկսած պատերազմի: Ըստ պատժամիջոցների, Ռուսաստանը զրկվելու է այնպիսի նյութերի մատակարարումից ու ծառայությունների սպասարկումից, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական և տեխնոլոգիական հատվածների համար:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները 7,5 միլիարդ դոլար կհատկացնի Մեծ յոթնյակի շրջանակներում՝ օգնելու Ուկրաինային հոգալու իր կարճաժամկետ բյուջետային կարիքները։
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղված են ռուսական պետական պաշտպանական ձեռնարկությունների և պետական գիտահետազոտական կազմակերպությունների դեմ արգելափակումներին, սահմանափակելով պատերազմում կորցրած սարքավորումները համալրելու Ռուսաստանի հնարավորությունները եւ թույլ չտալու Ռուսաստանից Միացյալ Նահանգներ ոսկու ներկրումները:
Ակնկալվում է, որ Մեծ յոթնյակի առաջնորդները կհայտարարեն նաեւ Ռուսաստանի նավթի գնի սահմանաչափի և ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին համաձայնագրի մասին, ինչպես նաև նոր պատժամիջոցներ կսահմանվեն ռուս հարյուրավոր պաշտոնյաների և պատերազմին աջակցող կազմակերպությունների նկատմամբ:
«Մեծ յոթնյակի» առաջնորդները խոստանում են աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի» և Ռուսաստանին հորդորում են թույլ տալ Ուկրաինայից սննդամթերքի ազատ փոխադրում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ տեսակապի միջոցով նորից կոչ է անում առաքել հավելյալ զենքեր: Գերմանիայում գագաթաժողովն անցկացող երկրների առաջնորդներին հղված իր խոսքում նա ասում է, թե ցանկանում է, որ պատերազմն ավարտվի մինչև տարեվերջ, «մինչև ձմեռնամուտը»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, պատասխանելով Ուկրաինային օգնելու գնի մասին հարցին, ասել է, որ հարկավոր է «վճարել ազատության գինը»:
Արեւմուտքը պնդում է, որ Ռուսաստանը չի վճարել միջազգային իր պարտքը, իսկ Կրեմլը պատասխանում է, որ դա իրենց խնդիրը չէ:
Այլ հաղորդագրությունների համաձայն, ՆԱՏՕ-ն զանգվածաբար ընդլայնում է իր արագ արձագանքման ուժերը 40,000 զինվորականներից հասցնելով 300 հազարի: