Ռուս-ուկրաինական հակամարտությունը բազմաթիվ ռիսկեր է մատուցում համաշխարհային գյուղատնտեսական և պարենային համակարգին: Այս մասին ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն:
Կազմակերպության խորհուրդը, որը երեքշաբթի օրը անցկացրեց իր 170-րդ նիստը, ինչպես ‘’Ռոյթերս’’-ն է հաղորդում, քննարկում էր համաշխարհային պարենային անվտանգության վրա ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը։
Տորերոն հանդիպման ժամանակ ասել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան առանցքային դեր են խաղում պարենամթերքի արտահանման համաշխարհային շուկայում, և երկու երկրների միջև առկա հակամարտությունը բազմաթիվ ռիսկեր և անորոշություններ է մատուցել գլոբալ գյուղատնտեսական և պարենային համակարգին։
Տորերոն աշխարհին կոչ է արել համակարգված գործողություններ ձեռնարկել և տնտեսական օգնություն ցուցաբերել մարտահրավերներից առավել տուժած երկրներին։
Չորեքշաբթի օրն էլ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն է հանդես եկել հայտարարությամբ այն մասին, որ Վաշինգտոնը զարկ է տալու Ուկրաինայի զինված ուժերին իր աջակցությանը: Ըստ ‘’Ռոյթերս’’-ի, այս մասին հայտարարությամբ Լլոյդ Օսթինը հանդես է եկել Բրյուսելում պաշտպանության տասնյակ նախարարների մասնակցությամբ անցկացվող հանդիպման ժամանակ։
Օսթինն ասել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չեն կարող իրենց ուշադրությունը շեղել Ուկրաինայից:
«Մենք պիտի օգնենք, որ Ուկրաինան կարողանա պաշտպանվել Ռուսաստանի սառնասիրտ, դաժան հարձակումից: Մենք կարող ենք ամրապնդել Ուկրաինայի անվտանգությունը, եւ կարող ենք ցույց տալ ու ապացուցել, որ միջազգային օրենքներն ու կանոնները հարկավոր է հարգել», ասել է Օսթինը։
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում անցկացվող քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարները որոնելու են Ուկրաինայի զենքի մատակարարումներն ավելացնելու ուղիներ:
Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը քննարկելու և համակարգելու համար սա արդեն երրորդ անգամն էր, որ մոտ 50 երկրների նախարարներն անց էին կացնում նման հավաք: