Եվրոպական երկրներ բնական գազի մատակարարումները կրճատելու «Գազպրոմի» որոշման պատճառներն ու հետեւանքներն են քննարկում փորձագետները:
«Գազպրոմը» նախօրեին նախազգուշացրել է Ավստրիայի, Իտալիայի և Գերմանիայի էներգետիկ ընկերություններին գազի՝ մատակարարման ծավալների կրճատման մասին, գրում են լրատվամիջոցները։
Բացի այդ, «Գազպրոմը» հայտարարեց, որ կնվազեցնի գազի հոսքը «Հյուսիսային հոսք 1» գազատարով։ Սկզբում այն կազմում էր մոտ 40%, իսկ հետո նույնիսկ մոտ 60%: Նախատեսված օրական 167 մլն խմ-ից այն կնվազի մինչեւ 67 մլն:
Միևնույն ժամանակ, ռուսական կողմն իր որոշումը պատճառաբանել է Վիբորգում գտնվող Պորտովայա կոմպրեսորային կայանի վերանորոգման աշխատանքներով, որտեղ մեկը մյուսի հետևից կանգնեցվել են գերմանական Siemens կոնցեռնի չորս տուրբիններից երկուսը։ Նախկինում դրանք սպասարկվում էին արտադրողի կողմից, սակայն Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով Siemens-ը դադարեցրեց համագործակցությունը Ռուսաստանի հետ։
Իր հերթին, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը «Գազպրոմի» որոշումը որակում է քաղաքական։ Նրա խոսքով՝ տեխնիկական խնդիրների արդարացումներով Մոսկվան պարզապես փորձում է ապակայունացնել գազի եվրոպական շուկան՝ թանկացնելով դրա գինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեքսաս նահանգում ամերիկյան Freeport LNG ընկերության ձեռնարկությունում, որին պատկանում է հեղուկ գազի արտահանման խոշորագույն տերմինալներից մեկը, բռնկվել էր հրդեհ։ Ըստ առաջին գնահատականների՝ դա կարող է խանգարել մինչև սեպտեմբեր առաքումները Եվրոպա։ Տերմինալն ապահովում է ԱՄՆ գազի արտահանման մինչև 20 տոկոսը։
Ռուսական գազի դեֆիցիտի հիմնական պատճառը, իհարկե, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմն էր, ասում է նավթագազային ոլորտի վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինը։ Նրա կարծիքով, ագրեսիայի համար սահմանված արևմտյան պատժամիջոցները վնասում են «Գազպրոմի»-ն՝ սահմանափակելով գազի վաճառքը և անհրաժեշտ սարքավորումների սպասարկումը: «Siemens-ի տուրբինները Ռուսաստանում բավականին թանկ արժեն»,- բացատրում է նա «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում: «Եվ դա, իհարկե, լուրջ հարված է «Գազպրոմի»՝ «Հյուսիսային հոսք 1»-ով գազ մատակարարելու կարողությանը»։
Ըստ երևույթին, այնտեղ առնվազն ևս մեկ բլոկ նույնպես ունի վերանորոգման կարիք, ինչպես նաև կանխարգելիչ սպասարկում: Առայժմ չորս ագրեգատներից երկուսն են աշխատում, բայց դրանք էլ կարող են նաև կանգ առնել։ Այդ դեպքում ամբողջովին կդադարի մատակարարումը, ասում է նա:
Մյուս կողմից, կան բավականին շատ խողովակներ, որոնցով Եվրոպան կարող է գազ ստանալ Ռուսաստանից, ընդգծում է վերլուծաբանը։ Նրա կարծիքով, մասնավորապես, ուկրաինական ուղղությունը. «Այժմ այնտեղ օգտագործվում է հզորության մոտ 40 տոկոսը։ Տեսականորեն հնարավոր է նաև գազ մատակարարել Յամալ-Եվրոպա գազատարով, որն անցնում է Բելառուսով և Լեհաստանով։ Բայց Ռուսաստանն այստեղ անձամբ է այսպես կոչված հակապատժամիջոցներ կիրառել Լեհաստանում մասնաճյուղի այս հատվածի օպերատոր Գազպրոմի նախկին դուստր ձեռնարկության դեմ»։
Ըստ վերլուծաբանի՝ նախագահ Պուտինն առավելագույն է արել՝ զրկելով «Գազպրոմին» եվրոպական շուկայից, որը Մոսկվայի հիմնական շուկան է, եզրափակեց վերլուծաբանը։
Սլովակ էներգետիկ փորձագետ Կարել Հիրմանը հիշեցնում է, որ Գազպրոմը նպատակաուղղված կերպով նվազեցնում է գազի մատակարարումները Եվրոպա անցյալ տարվա ամառվանից։ «Ձմռանը նա չի լցրել իր գազապահեստարանները Գերմանիայում, Ավստրիայում և Հոլանդիայում։ Սուրբ Ծննդյան օրվանից դադարեցրել է Յամալ-Եվրոպա գազատարով մատակարարումը»,- ասել է նա «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը:
Փորձագետի խոսքով, արդեն կարելի է ասել, որ այդ քայլերը հստակորեն համակարգվել և ղեկավարվել են Կրեմլի կողմից։ «Դրանք կապված էին Ուկրաինայի վրա հարձակման նախապատրաստման հետ և նպատակ ուներ վախեցնել Եվրոպային՝ ստիպելու նրան հրաժարվել Ուկրաինային տրամադրվող աջակցությունից։ Գազը դարձավ պուտինյան ռեժիմի համար պայքարի գործիք»,- ընդգծում է Կարել Գիրմանը։
Նման տեսակետ «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության թղթակցի հետ զրույցում հայտնում է նաև Լիտվայի էներգետիկայի նախկին նախարար, իսկ այժմ միջուկային էներգետիկայի գծով Եվրոպական հանձնաժողովի փորձագետ Արվիդաս Սեկմոկասը: Նա կարծում է, որ Եվրոպա գազի մատակարարումների կրճատումը Կրեմլի համար առաջին հերթին քաղաքական որոշում է, որը հետապնդում է ռազմավարական նպատակներ։ «Մոսկվան էներգիան օգտագործում է որպես Եվրամիության վրա ճնշում գործադրելու միջոց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամանակ և միևնույն ժամանակ ուկրաինական պատերազմի համատեքստում։ Նման գործողությունների նպատակը երկուսն է. Կրեմլը ցանկանում է պահպանել կանխիկ միջոցների ներհոսքը գազի արտահանումից, երբ մատակարարումների ծավալը նվազում է, բայց գներն աճում։ Երկրորդը ճնշումն է Եվրամիության եւ առաջին հերթին Գերմանիայի վրա։ Որովհետև, եթե գազապահեստները չլցվեն, ապա դա կբարդացնի նոր պատժամիջոցների կիրառումն ու ԵՄ երկրներ ռուսական գազի մատակարարումից հրաժարումը»,- ամփոփում է Եվրահանձնաժողովի փորձագետը։
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության լրագրողներ Աննա Պլոտնիկովայի ու Վիկտոր Վլադիմիրովի նյութի հիման վրա