Մատչելի հղումներ

Ինչպես են եվրոպական երկրները պատրաստվում ռուսական գազի լիակատար անջատումներին


pipeline
pipeline

Ռուսաստանը պահանջել է, որ եվրոպական երկրները, որոնց անվանում է «ոչ բարեկամական», գազի դիմաց իրենց վճարումները կատարեն ռուսական ռուբլով, ինչը կարող է դառնալ արևմտյան պատժամիջոցների պայմաններում ռուսական արժույթն ապահովելու միջոց:

Լեհաստանն ու Բուլղարիան մերժել են առաջարկը, ուստի ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությունը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ կրճատել է այդ երկրներ տեղափոխվող գազի ծավալները: Սակայն ինչպես Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին է ասում, իրենց կողմից իրականացված

գործողությունների շնորհիվ աշնանից Լեհաստանն ընդհանրապես ռուսական գազի կարիք չի ունենա։

Բուլղարիայի վարչապետն էլ, Ուկրաինա այցելելով, ասել է, որ իր երկիրը կարող է իրադրությունը հաղթահարել առանց ռուսական գազի:

Լեհաստանը և Բուլղարիան դիվերսիֆիկացնում են խողովակաշարերի և հեղուկացված բնական գազի իրենց մատակարարումները: Ինչպես վերլուծաբան Թոմ Մարզես Մանսերն է ասում, Լեհաստանը խողովակաշարով շուտով կկապվի Նորվեգիային: Հունաստանի և Բուլղարիայի միջև կա երկրորդ խողովակաշար, որը կփոխադրի ադրբեջանական գազը։

Սակայն եվրոպական շատ երկրներ շարունակում են ռուսական գազ ներկրել։ Գազի մի քանի ընկերություններ, այդ թվում՝ Գերմանիայից, Ավստրիայից, Հունգարիայից և Սլովակիայից, Մոսկվայի պնդմամբ հաշիվներ են բացել Շվեյցարիայում «Գազպրոմ» բանկում: Պայմանագրերը վճարվում են եվրոյով, բայց անմիջապես վերածվում են ռուբլու։

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող կարճ ժամանակահատվածում հրաժարվել ռուսական գազի ներկրումներից:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Գազպրոմ բանկի միջոցով վճարումներ իրականացնող եվրոպական ընկերությունները կենթարկվեն տույժերի, թե ոչ: Եվրամիության ղեկավարությունն առայժմ միայն նախազգուշացնում է, որ նման քայլերով եվրոպական որոշ երկրներ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները դնում են վտանգի տակ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրն ասել է, որ ԱՄՆ-ն օգնում է եվրոպական դաշնակիցներին դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները: ‘’Մենք նրանց թույլ չենք տալու իրենց նավթն ու գազն օգտագործել ագրեսիայի հետևանքներից խուսափելու համար’’, ասել է նա։

Եվրոպական երկրներն ասում են, որ պատրաստվում են վատագույն պայմաններին, երբ մի օր Ռուսաստանը լիովին փակի գազի ծորակները։ Սակայն վերլուծաբաններն ասում են, որ նման քայլը Ռուսաստանին կհասցնի տարեկան հարյուր միլիարդավոր դոլարների վնաս:

XS
SM
MD
LG