Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ Մարիուպոլը խոլերայի բռնկման վտանգի տակ է

Ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի հարավային Մարիուպոլ քաղաքը խոլերայի խոշոր բռնկման վտանգի տակ է, քանի որ քաղաքի բժշկական ծառայությունները ստեղծված պայմաններում դժվարանում են շարունակել իրենց գործունեությունը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նաև հավելել է, որ Խերսոնում արդեն ամենայն հավանականությամբ դեղերի խիստ պակաս կա:

«Ուկրաինան 1995 թվականին արդեն իսկ անցել է խոլերայի խոշոր համաճարակի միջով, որից հետո երկրում դեռևս գրանցվում էին փոքր բռնկումներ, հիմնականում Ազովի ծովափնյա շրջանում, ինչը նաև ներառում է Մարիուպոլը»,- նշել է պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում:

«CNN» լրատվականը նշել է, որ զեկույցում նկարագրվում է Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում խմելու ջրի, ինտերնետ կապի և հեռախոսային ծառայությունների հասանելիության անկայունության մասին: Զեկույցում նաև հավելված է այն փաստը, որ «քաղաքում խոլերայի առանձին դեպքեր էին գրանցվել դեռևս մայիս ամսից»։

Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, Ռուսաստանը ներկայում դժվարանում է իր կողմից օկուպացված տարածքների բնակչությանը տարրական հանրային ծառայություններ տրամադրել:


Անցյալ ամիս ԱՀԿ-ում ուկրաինական հարցերով միջադեպերի ղեկավար Դորիտ Նիցանն ասել էր, որ Մարիուպոլը, որը շաբաթների պաշարումից և ծանր ռմբակոծություններից հետո այժմ վերահսկվում է ռուսական ուժերի կողմից, այն օկուպացված տարածքներից է, որտեղ խոլերայի մեծ վտանգ կա:

Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականից Բարանջոտ Կաուրի և «CNN» լրատվականի նյութերի հիման վրա: