Թուրքիայում ընտրություններից առաջ իր դիրքերն ամրապնդելու Էրդողանի ընտրած ուղին

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրին մայիսին, եւ թվում էր, թե որեւէ խոչընդոտ լինել չէր կարող: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ վետո կդնի այդ դիմումների վրա, քանի դեռ այս երկրները, ինչպես նա է ասում, չեն դադարեցնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն իրենց աջակցությունը: Հիշեցնենք, որ վերջինս համարվում է ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայում:

Հելսինկին և Ստոկհոլմը հերքում են Թուրքիայի մեղադրանքները եւ հայտարարում, թե փորձում են հարթել տարաձայնությունները:

Փորձագետներից Ասլի Այդինթաշբասն ասում է, թե ‘’Փաստն այն է, որ Թուրքիան ունի շատ կարևոր խաղաքարտ՝ վետոյի քարտը’’։ Ու նա չի կարծում, որ խնդիրը կունենա սահուն լուծում:

Խնդիրն այն է, որ նաեւ ԱՄՆ-ը և Եվրամիությունն են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը համարում ահաբեկչական կազմակերպություն։ Փաստ, որն ավելի մեծ դույլով է ջուր լցնում Էրդողանի ջրաղացին: Դրանից օգտվելով էլ` Էրդողանն այժմ պահանջում է նաեւ դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդական YPG` Ժողովրդի պաշտպանության միավորում անվանումը կրող խմբավորմանը: Իսկ Ֆինլանդիան և Շվեդիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, աջակցում են YPG-ին, քանի որ այն Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Արեւմուտքի հիմնական դաշնակիցներից մեկն է:

Այսպիսով, նախագահ Բայդենը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Էրդողանի կոշտ դիրքորոշման իրական թիրախը:

Թուրքիայի Քադիր Հասի համալսարանի միջազգային հարաբերությունների հարցերով դասախոս Սոլի Օզելն ասում է, թե «Շատերն են կարծում, որ Ֆինլանդիային և Շվեդիային ուղղված առարկությունները հիմնականում ուղերձներ են ուղղված Միացյալ Նահանգներին, որի նպատակն է ստիպել, որպեսզի Թուրքիային վերաբերվեն ավելի լուրջ, եւ հիմքում ունենան այն հարաբերությունները, որոնք հաստատվել էին Դոնալդ Թրամփի կողմից:

Ի տարբերություն իր նախորդներին, Բայդենը, որը միշտ քննադատել է Թուրքիային մարդու իրավունքները ոտնահարելու համար, հիմնականում աշխատում է հեռու մնալ Էրդողանի հետ անմիջական շփումից: Փոխարենը, ասում են վերլուծաբանները,Վաշինգտոնը Թուրքիայի վետոյի սպառնալիքի դեմ կգործի` սկանդինավյան երկու երկրներում անվտանգության ուժեր տեղակայելով, ինչն է՛լ ավելի կմեկուսացնի Թուրքիային: Ու նման փակուղին ավելի մեծ վնաս կհասցնի Թուրքիային, այս երկրի տնտեսությանը, թուրքական լիրային: Եվ այս ամենի մեղավորը կհամարվի իր դիրքը շարունակ մեծացնել փորձող ու իրեն անփոխարինելի առաջնորդ համարող Էրդողանը, որը կարծում է, թե իր երկրում ընտրություններից առաջ իր դիրքերն ամրապնդելու միջոցներից մեկը ՆԱՏՕ-ին հակադրվելն է:

Նյութը կազմված է Ստամբուլում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակից Դորիան Ջոնսի հոդվածի հիման վրա