Երկուշաբթի օրը ուկրաինական և ռուսական ուժերը ինտենսիվ մարտեր են մղել Սևերոդոնեցկ քաղաքում: Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ ռուսական զորքերը նաեւ մտադիր են գրավել առանցքային հարավարևելյան Զապորոժժիա քաղաքը:
Շաբաթներ շարունակ արևելյան Ուկրաինայում շարունակվող մարտերից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական ուժերն այժմ վերահսկում են Լուգանսկի շրջանի 97%-ը, որը կազմում է Դոնբասի մի մասը: Ուկրաինական կողմը հերքում է այս տեղեկությունը՝ պնդելով, որ ուկրանական բանակը շարունակում է հաջողությամբ դիմակայել հարձակումներին:
Սևերոդոնեցկ քաղաքի համար մղվող մարտերը վճռորոշ նշանակություն ունեն Լուգանսկի շրջանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Մեկ շաբաթ առաջ ռուսական ուժերը գրավել էին քաղաքի 70%-ը, սակայն ուկրաինական հակահարձակումը հետ էր մղել ռուսական զորքերը։
Իրավիճակը Սևերոդոնեցկում փոխվում է ամեն ժամ, ասում է քաղաքի վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Ստրյուկը հեռուստատեսությամբ:
Your browser doesn’t support HTML5
Նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ասել է, որ ուկրաինական ուժերն ունեն «ամեն հնարավորություն»՝ վերահսկելու քաղաքը։ Այս գնահատականը հնչեց այն ժամանակ, երբ Լուգանսկի շրջանի նահանգապետ Սերխի Հայդայը ենթադրություն արեց, որ Կիևը կորցրել է իր դիրքերը:
«Մեր պաշտպաններին հաջողվեց որոշակի ժամանակ հակագրոհ ձեռնարկել։ Նրանք ազատագրեցին քաղաքի գրեթե կեսը։ Բայց այժմ նորից մեզ մոտ վիճակը մի փոքր վատթարացել է»,- հայտնել է նա։
Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պնդում են, որ հակառակ կողմը մեծ զոհեր ունի։
Զելենսկին երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ ռուսական զորքերը նաև մտադիր են գրավել հարավ-արևելքում գտնվող Զապորոժժիան, որը Մոսկվային թույլ կտա ավելի խորանալ դեպի երկրի կենտրոն:
«Թշնամին ցանկանում է գրավել Զապորոժժիա քաղաքը»,- ասել է Զելենսկին։ Քաղաքը արդյունաբերական կենտրոն է, որտեղ նախապատերազմյան շրջանում բնակչության թիվը կազմում էր ավելի քան 700,000 մարդ:
Ուկրաինայի առաջնորդը երկուշաբթի նշել է, որ ինքը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից ստացել է «պաշտպանության աջակցության նոր փաթեթի» հաստատում, և որ քննարկել են ուկրաինական նավահանգիստներն ապաշրջափակելու և պարենային ճգնաժամից խուսափելու ուղիները:
Մեծ Բրիտանիան երկուշաբթի հայտարարեց, որ ուկրաինական կողմին է տրամադրում M270 հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ:
«Մենք չենք կարող մի կողմ քաշվել, երբ ռուսական հեռահար հրետանին վերացնում է քաղաքներ և սպանում անմեղ քաղաքացիներին», - ասել է Ջոնսոնը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն իր հերթին ասել է, որ Ուկրաինային տրամադրվող օգնության բնույթը պետք է փոխվի, քանի որ փոխվում է Ռուսաստանի մարտավարությունը: Նոր հրթիռային համակարգերը «մեր ուկրաինացի ընկերներին հնարավորություն կտան ավելի լավ պաշտպանվել հեռահար հրետանու զարկերից, որը Պուտինի ուժերն անխտիր օգտագործում են քաղաքները վերացնելու համար»։
Իր հերթին Պուտինը նախազգուշացրել է, որ Մոսկվան կհարվածի այն թիրախներին, որոնք «դեռ չենք խոցվել», եթե Արևմուտքը շարունակի Ուկրաինային տրամադրել հեռահար հրթիռային համակարգեր:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ծրագրում է Կիևի կառավարությանը ուղարկել 700 միլիոն դոլարի նոր զինատեսակներ, որոնք ներառում են չորս ճշգրիտ կառավարվող, միջին հեռահարության հրթիռային համակարգեր, ուղղաթիռներ, Javelin հակատանկային համակարգեր, ռադարներ, մարտավարական մեքենաներ և անհրաժեշտ պահեստամասեր։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի հաղորդել է ԱՄՆ 61 քաղաքացու նկատմամբ նոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան «ամերիկյան պատժամիջոցների անընդհատ ընդլայնմանը»: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվածների թվոում են ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և Netflix-ի գործադիր տնօրեն Ռիդ Հասթինգսը:
Հոդվածը պատրաստվել է Reuters-ի և Associated Press-ի նյութերի հիման վրա