Մոսկվան կարող է վրեժխնդիր լինել Վաշինգտոնից կիբերհարձակման միջոցով. կարծիք 

ԱՄՆ-ն օրական հազարավոր կիբերհարձակումների թիրախ է դառնում, որոնցից շատերը գալիս են Ռուսաստանից: Եթե Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածությունն ավելի սրվի ուկրաինական պատերազմի պատճառով, փորձագետները չեն բացառում, որ Պուտինը կհրամայի լայնածավալ կիբերհարձակում գործել, որը կարող է վնասել ԱՄՆ կարևորագույն ենթակառուցվածքները

Արևմուտքի արագ և համակարգված պատժամիջոցները, որոնք կիրառվել են Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայի վրա վերջինիս չհիմնավորված հարձակման համար, հարվածել են ռուսական ֆինանսական համակարգին, ուստի առկա է մտավախություն, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը կարող է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից այն ոլորտում, որտեղ իր երկիրն ունի առավելություն: Խոսքը կիբերհարձակման մասին է:

«Եթե իրավիճակը է՛լ ավելի սրվի, ես կարծում եմ, որ մենք կտեսնենք ռուսական կիբերհարձակումներ մեր կարևոր ենթակառուցվածքի դեմ»,- ասում է կոնգրեսական Մայք Գալագերը:

Կոնգրեսական Գալագերի մտավախությունները կիսում են այլ փորձագետներ:

«Կիբերհարձակումն ավելի սարսափելի կարող է լինել, քան ավանդական զենքերը»,- ասում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին սպա Նիկոլաս Չեյլանը:

Որքանո՞վ է Միացյալ Նահանգները պատրաստ հնարավոր կիբերպատերազմին:

«ԱՄՆ-ն առաջատար է կիբերհարձակման մեջ, ուստի մենք ունենք կիբերհարձակման շատ լավ հնարավորություններ: // Բայց մեր պաշտպանական կարողությունները բավականին թույլ են, ըստ իս, մանկապարտեզի մակարդակով»,- ասում է Չեյլանը:

Ֆրանսիայում ծնված հաջողակ ձեռներեց և տեղեկատվական տեխնոլոգիայի մասնագետ Նիկոլաս Չեյլանը միացավ ԱՄՆ կառավարությանը 2016 թվականին՝ օգնելու միջազգային մակարդակում պայքարել կիբերհանցագործության դեմ: Սակայն այսօր նա հիասթափված է կառավարության՝ կիբեր համակարգերի պաշտպանության կարողության հարցում:

Իրավիճակը որոշ մասնավոր ընկերություններում, որոնք աջակցում են ԱՄՆ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության հարցում, շատ ավելի լավ չէ, ասում է նա: Ըստ նրա՝ այս ընկերություններից շատերի համար այդ համակարգերը հասանելի են համացանցից, քանի որ նրանք չունեն բավարար փորձագետներ՝ դրանք տեղում սպասարկելու համար:

Չեյլանը հիշեցնում է 2021 թվականի կիբերհարձակումը Colonial Pipeline-ի վրա, որի արդյունքում ԱՄՆ-ի արևելյան ափի կեսը օրեր շարունակ մնաց առանց գազի:

«Մենք գիտենք, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ և՛ Չինաստանը, և՛ Ռուսաստանը գտնվում են ԱՄՆ համակարգերի ներսում ամիսներ շարունակ, եթե ոչ տարիներ: Փաստորեն, նրանք, հավանաբար, գտնվում են կրիտիկական ենթակառուցվածքային համակարգերի ներսում հենց այս պահին, երբ մենք խոսում ենք»,- ասում է Չեյլանը:

Չեյլանի կարծիքով՝ միանգամայն հնարավոր է, որ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հակառակորդներն արդեն կիբեր գործիքներ են տեղադրել ամերիկյան համակարգերում: Գործիքներ, որոնք կարող են ակտիվացվել ապագայում կրիտիկական պահին: Նիկոլաս Չեյլանը չափազանց մտահոգված է այս ամենի առիթով:

Այլ փորձագետներ ասում են, որ նման կիբերհարձակումների ազդեցությունը, նույնիսկ լայնածավալ բնույթի, դեռևս սահմանափակված է աշխարհագրությամբ և տուժած ենթակառուցվածքների բնույթով: Որոշ փորձագետներ ասում են, որ գերտերությունները ձեռնպահ են մնում լիարժեք կիբերհարձակումներից՝ փոխադարձ երաշխավորելով անվտանգությունը ոչ միայն միջուկային պատերազմից, այլև կիբերպատերազմից:

Զսպման այս սկզբունքը կախված է այն մոտեցման հետ, որ մի գերտերության կողմից մյուսի դեմ կիբերհարձակումը կհանգեցնի պատասխանի՝ ավերելով երկու երկրների ենթակառուվածքները: Նրանք (ռուսները) պետք է հասկանան, որ կստանան պատասխան, ասում է ՆԱՏՕ-ի համագործակցային կիբերպաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Յակոբ Գալբրիթը՝ անդրադառնալով ռուսական հնարավոր կիբերհարձակմանը :

Էստոնիան առաջին երկիրն էր, որը ենթարկվեց պետության կողմից լուրջ կիբերհարձակման։ 2007 թվականի ապրիլին հաքերները, որոնք ենթադրաբար կապեր ունեն Կրեմլի հետ, հարձակվել էին երկրի կառավարության, լրատվամիջոցների և ֆինանսական հաստատությունների կայքերի վրա: Այդ ժամանակ Էստոնիայի նախագահն էր Թոոմաս Հենդրիկ Իլվեսը:

«Այն ժամանակներից ի վեր ամեն ինչ շատ ավելի վատացավ»,- պատմում է Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը:

Ինտերնետային տեխնոլոգիաների տարածման հետ մեկտեղ ավելացավ նոր վեբ սարքերի կիրառումը, որն էլ ավելի մեծացրեց հաքերների կարողությունը:

Քանի որ համակարգչային տեխնոլոգիաները զարգանում են կայծակնային արագությամբ, գերտերությունները կարող են միայն կռահել, թե ինչպիսի կիբերհարձակողական գործիքներ ունեն իրենց հակառակորդները: Սակայն, փորձագետներն ասում են, որ Ուկրաինայի պատերազմը կարող է պատկերացում տալ Ռուսաստանի իրական հնարավորությունների մասին՝ որոշակի լույս սփռելով ոչ միայն սովորական պատերազմի, այլ նաև կիբերպատերազմի մեջ Մոսկվայի ունեցած ներուժի վրա: Որոշ վեևլուծաբաններ գտնում են, որ ռուսական կողմն այսօր անցնում է արդեն պաշտպանության:

Պատճառներից մեկը, թե ինչու է այսօր Ռուսաստանը ձախողվում, ըստ վերլուծաբանների կարծիքի, կապված է հակամարտության մեջ երրորդ կողմի ներգրավվածությամբ:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի Նյու Յորքի բյուրոյի ղեկավար Իգոր Տիխոնենկոյի նյութի հիման վրա