Ռուսաստանը հրթիռակոծում է Ուկրաինայի քաղաքները. կան զոհեր և վիրավորներ

Առնվազն մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել չորեքշաբթի օրը մայիսի 25-ին Ուկրաինայի հարավային Զապորոժիա քաղաքի վրա ռուսական հրթիռային հարվածների հետևանքով։

Ռուսական ուժերը չորեքշաբթի առավոտյան տեղական ժամանակով 5:12 րոպեին չորս թեւավոր հրթիռ են արձակել, հայտնել է Զապորոժիայի տարածաշրջանային ռազմական վարչակազմը Telegram-ի հաղորդագրության միջոցով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ մեկ հրթիռ խոցվել է ուկրաինական ուժերի կողմից, մյուսը խոցել է առևտրի կենտրոնը, իսկ վերջին երկուսը հարվածել են մոտակայքում գտնվող բնակելի շենքերին։

«Դա տեղի ունեցավ առավոտյան ժամը 5:30-ին: Ես այդպահին ոտքի էի արդեն ու աշխատում էի: Պայթյունն այնքան ուժգին էր, որ վայր գցեց ինձ աթոռից: Այնքան ուժեղ ալիք էր: Մինչև 5-րդ հարկի բոլոր պատուհանները ջարդվել են, իսկ դռները՝ պոկվել»,- ասում է Զապորոժիայի վարչակազմի գրասենյակի ադմինիստրատոր Օլեքսանդրը:

Պայթյունի ուժգնությունը փաստում են նաև տեղի բնակիչները: Մոտակա խանութի աշխատակից Եվգենիան պատմում է, որ իրենք արթնացան ուժգին պայթյունից, սակայն ոչ ոք չգիտեր, թե որտեղ է դա տեղի ունեցել: Ավելի ուշ, ըստ իրեն, հարազատներից տեղեկություն ստացան պայթյունի տեղանքի մասին, ուր ավերվել էին բնակելի շենքեր։ Ամենուր կոտրված ապակիներ էին և պոկված դռներ, պատմում է նա:

Your browser doesn’t support HTML5

Ուկրաինական քաղաքները՝ ռուսական մահացու հրթիռակոծման թիրախում

Այս նույն ընթացքում հրթիռակոծության են ենթարկվել նաև Ուկրաինայի այլ բնակավայրեր: Չորեքշաբթի մայիսի 25-ին ավիահարված է հասցվել Կրամատորսկի բնակելի շենքի ուղղությամբ, որը եղել է լքված: Վնասվել են շրջակա այլ բնակելի շենքեր: Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի ապակիներն ու վնասվել մի քանի բնակարաններ։

«Վնասված է կահույքը, համակարգչային սեղանը։ Շատ վնասներ կան։ Սակայն ամենակարևորն այն է, որ բոլորը ողջ են, և ոչ ոք չի տուժել», - Reuters-ին ասել է վնասված բնակարաններից մեկի սեփականատեր Լյուդմիլան:

Ռուսական զինված ուժերը վերջին օրերին կենտրոնացրելեն իրենց ջանքերը Դոնբասի շրջանի Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքների գրավման վրա՝ սպառնալով փակել նրանց առաջխաղացման ճանապարհին հայտնված խաղաղ բնակիչների հեռացման վերջին հիմնական ճանապարհը:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութերի հիման վրա