Ինչո՞վ է պայմանավորված Կիևի դժգոհությունը Եվրոպայի առաջնորդներից

ԱՄՆ-ը և ԵՄ-ը ֆինանսական և ռազմական օգնություն են տրամադրում Ուկրաինային, սակայն միևնույն ժամանակ Կիևը պահանջներ է ներկայացնում Փարիզին և Բեռլինին, որոնք, ըստ ուկրաինական կողմի, նախագահ Վոլոդիմեր Զելենսկու թիկունքում քննարկում են Մոսկվայի հետ նոր խաղաղ համաձայնագրի որոշակի դրույթներ

Անցած շաբաթվա վերջին G7-ը որոշել է Ուկրաինային տրամադրել 19,8 միլիարդ դոլարի օգնություն: Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ G7-ի երկրների ֆինանսական կառույցների ղեկավարները խոսել են Ուկրաինային բավարար օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին՝ ռուսական ներխուժմանը դիմակայելու համար։

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, մասնավորապես, ասել է.

«Ֆինանսական իրավիճակը, հատկապես լիկվիդային միջոցների մատակարարումը, չպետք է սահմանափակի ռազմական գործողությունները, ինքն իրեն պաշտպանելու հնարավորությունը, և այդ պատճառով մենք միջազգային կազմակերպությունների հետ միասին և որպես G7 երկրներ կազմել ենք փաթեթ, որի նպատակն է ապահովել տեսանելի ապագայում Ուկրաինայի գործելու ֆինանսական հնարավորությունները»։

Օրերս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին հաստատել է, որ պատերազմ չի ծավալվի Ռուսաստանի տարածքում և դիմել է Վաշինգտոնին՝ Կիևին բազմատեսակ հրթիռային համակարգեր տրամադրելու խնդրանքով։ Միաժամանակ նա հիշեցրել է միջազգային հանրությանը, որ Դոնբասը և Ղրիմը Ուկրաինայի ինքնիշխան տարածքն են, որը գտնվում է Ռուսաստանի օկուպացիայի տակ 2014 թվականից։ Զելենսկին կշտամբեց Արևմուտքին Փարիզի և Բեռլինի քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հետ փոխզիջումների գնալու կիսաքայլերի և փորձերի համար, ինչը չի դադարեցնում նվաճողական պատերազմը։

«Մեզ հատուկ հնարավորություններ կամ տեխնիկական միջոցներ պետք չեն այլ ֆինանսներին մուտք ունենալու համար: Սա կարեւոր է երկրի տնտեսության համար, բայց մեզ ԵՄ անդամակցության այլընտրանքներ պետք չեն։ Մեզ այս փոխզիջումները պետք չեն, քանի որ, հավատացեք, սրանք փոխզիջումներ չեն լինի Եվրոպայի և Ուկրաինայի միջև, սա կլինի ևս մեկ փոխզիջում Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Ես լիովին վստահ եմ դրանում»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

Ուկրաինայի իշխանությունները վերջերս մի քանի անգամ դժգոհություն են հայտնել Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներից Կիևի և Մոսկվայի միջև նոր խաղաղության համաձայնագրի որոշակի տարբերակի պայմանների քննարկման վերաբերյալ, որոնք իբր անցկացվել են առանց ուկրաինական կողմի իմացության։ Նախկին դիվանագետ և դեսպան Մեթյու Բրայզան եվրոպական առաջնորդների միջև նման բանակցությունները, եթե դրանք իրականում տեղի են ունեցել, անվանում է «ամոթալի»:

«Ռազմավարական տեսանկյունից չափազանց հանդուգն է Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Իտալիայի համար Ուկրաինային ասել, որ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, որպեսզի վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Պատկերացրեք, եթե ինչ-որ երկիր ներխուժեր Ֆրանսիա և գրավեր նրա տարածքի մի մասը, իսկ դուք Էմանուել Մակրոնին ասում եք՝ ուղղակի ընդունեք դա ու դադարեցրեք պայքարը, մինչդեռ այդ նույն երկիրը ցանկանում է շարունակել պատերազմը։ Ես ամոթալի եմ համարում նման պահվածքը»,- ընդգծել է Մեթյու Բրայզան։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Զելենսկու կաբինետի անվստահությունն արևմտյան գործընկերների նկատմամբ միանգամայն հասկանալի է. երրորդ ամիսն է, ինչ երկիրը կռվում է ռուսական բանակի դեմ, որը թվաքանակով և ռազմական տեխնիկայով գերազանցում է ուկրաինական բանակին։ Եվ այս իրավիճակում Ուկրաինայի հաղթանակն այս պատերազմում ամբողջովին կախված է արտաքին օգնությունից, ասում է Տաջիկստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Քարիմաջան Ախմեդովը։

«Զելենսկին և նրա թիմը սթրեսի մեջ են, նրանք ռազմատենչ են: Եվ դա կարող էին պարզապես ընդունել որպես առանձին բանակցությունների իրական փորձ։ Որովհետև այս պատերազմի ելքը կախված է Արևմուտքի աջակցությունից, ես նկատի ունեմ հավաքական Արևմուտքը, ներառյալ Միացյալ Նահանգները: Եվ ի դեպ, Բայդենին հաջողվեց այս տրանսատլանտյան կապերն այնքան ամուր դարձնել Թրամփի հեռանալուց հետո, որ դա նույնպես մեծապես օգնեց Ուկրաինային։ Առանց դրա Ուկրաինան ոչինչ չի կարողանում անել։ Այո, նրանք ունեն կամքի ուժ, կա հսկայական մոտիվացիա, ցանկություն՝ փրկելու Ուկրաինան։ Բայց դրանից բացի զենք ու փող է պետք»։

Արևմուտքում, մասնավորապես Բայդենի վարչակազմում, նրանք հստակ հասկանում են, որ պատերազմը շուտով չի ավարտվի, և, հետևաբար, Վաշինգտոնը հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Կիևին այնքան ժամանակ, որքան կպահանջվի ռուսական զորքերին երկրից ամբողջությամբ դուրս մղելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության լրագրող Սանջար Համիդովի նյութի հիման վրա