Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնություն առաքելու որոշման նախագիծը` Բայդենի սեղանի վրա

Ուկրաինային 14 միլիարդ դոլարի ռազմական և հումանիտար օգնությունն արդեն սպառվել էր, երբ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց եւս քառասուն միլիարդ դոլարի հատկացումներ կատարելու մասին որոշում: Որոշումը Սենատում արժանացավ երկկուսակցական համաձայնության` ձայների 86-ը 11-ի հարաբերակցությամբ:

Ինչպես դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերն է ասում. «Մենք չենք կարող մեր գլուխը մտցնել ավազի մեջ, երբ Վլադիմիր Պուտինը շարունակում է իր դաժան ռազմատենչ գործողություններն՝ ընդդեմ ուկրաինացի ժողովրդի»:

Ասենք, որ չնայած երկկուսակցական համաձայնությամբ ընդունված լինելու փաստին, դեմ քվեարկած բոլոր տասնմեկ սենատորները հանրապետականներ են: Նրանք բողոքում են, որ Ամերիկան չի կարող թույլ տալ նման մեծ ծախս, երբ իր ներսում առկա են տնտեսական մեծ մարմտահրավերներ: Բայց Սենատի բարձրաստիճան հանրապետականն ասում է, որ չգործելու արժեքը չափազանց բարձր գին կպահանջի:

‘’Ամերիկայի անվտանգության և հիմնական ռազմավարական շահերի ապագան ձեւավորվելու է այս պայքարի արդյունքներով: Մենք պետք է հաշվի առնենք Ուկրաինայի պարտության դեպքում հնարավոր շատ ավելի մեծ ծախսերը’’, ասում է նա:

Ուկրաինայի դեմ պատերազմից շահող ռուս օլիգարխներին թիրախավորելու աշխատանքների համար հատկացվելու է 100 միլիոն դոլար: 900 միլիոն տրվելու է փախսականներին օգնելու նպատակով, 4.4 միլիարդ դոլար էլ` սննդամթերքի ճգնաժամը հաղթահարելու համար:

Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է ասել,

«Միլիոնավոր ուկրաինացիների և աշխարհում միլիոնավոր այլ մարդկանց սննդով մատակարարումը բառացիորեն պատանդ է պահվում ռուս զինվորականների կողմից»:

Ակնկալվում է, որ այդ օգնությունն արագ կբաշխվի, երբ օրինագիծը հաստատվի Բայդենի ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ռուսական ներխուժումից հետո ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել մոտ 54 միլիարդ դոլարի օգնություն:

Արամ Վանեցյան

Քեթրին Գիփսոն