Հինգշաբթի օրը, Սպիտակ տանը հանդիպելով Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջնորդների հետ, նախագահ Ջո Բայդենն ասաց, որ ՆԱՏՕ-ի անդամները բազմաթիվ պատճառներ ունեն երկու երկրներին դաշինքի մեջ արագ ընդունելու համար:
«Շվեդիան և Ֆինլանդիան ունեն ուժեղ ժողովրդավարական հաստատություններ, ուժեղ զինված ուժեր և ուժեղ և թափանցիկ տնտեսություններ: Եվ բարոյական ուժեղ զգացում ունեն, թե որն է ճիշտը’’:
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ իր երկիրը շատ բան է կարող առաջարկել Երկրորդ աշխարհամարտից հետո խորհրդային ագրեսիային հակազդելու նպատակ ունեցող, երեսուն երկրներից կազմված դաշինքին:
«Այսօր Ուկրաինայում տիրող իրավիճակը մեզ հիշեցնում է եվրոպական պատմության ամենամութ օրերը: Եվ մութ ժամանակներում է հատկապես կարեւոր գտնել մտերիմ բարեկամներ», ասել է նա:
Սակայն որոշ վերլուծաբաններ ասում են, որ այս քայլը կարող է ավելի սադրել Ռուսաստանին:
Մելանի Սիսսոնը Բրուքինգսի հաստատությունից Zoom-ի միջոցով ‘’Ամերիկայի Ձայն’’-ին տված հարցազրույցում ասում է, որ անկախ նրանից, թե ինչ կարծիքներ կան դաշինքում երկու այս պետություններին ընդգրկելու հարցում, ինքը կարծում է, որ այս պահին դա խելամիտ քայլ չէ: ‘’Դա ցույց է տալիս ռազմավարական համբերության որոշակի պակաս’’, ասում է նա: Պուտինը, որը դեպի Ուկրաինա արշավը համարում է ՆԱՏՕ-ին միանալու Կիեւի ցանկության նկատմամբ Մոսկվայի պատասխան, այժմ ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մտադրությունը համարում է սպառնալիք Ռուսաստանի համար:
Այստեղ ավելանում է խնդիր նաեւ ՆԱՏՕ-ի անդամներից մեկի կողմից: Խոսքը Թուրքիայի մասին է, որի նախագահը երկու երկրներին մեղադրում է «ահաբեկիչների» ապաստան տալու և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մեջ։
«Մենք խնդրել ենք 30 ահաբեկիչների արտահանձնել, բայց Շվեդիայից ստացել ենք մերժում: Դուք մեզ չեք հանձնի ահաբեկիչներին, մենք էլ թույլ չենք տա, որ դուք մտնեք ՆԱՏՕ’’, ասել է Էրդողանը:
Մինչ այս հարցը հայտնվել է թուրքական փակուղում, խոսք է գնում այլ երկրների կողմից եւս ՆԱՏՕ-ն ընդարձակելու մասին: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը «Ամերիկայի Ձայն»-ին Skype-ի միջոցով ասել է. ‘’Եթե իրենց վտանգված են զգում Ֆինլանդիան ու Շվեդիան, ապա իրենց անվտանգ չեն կարող համարել Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Բալկանների մի մասը’’:
Արամ Վանեցյան
Անիտա Փաուել