ԱՄՆ օրենսդիրները պատրաստվում են պայքարել հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքների համար

ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից հրապարակված որոշման նախագիծը, որը ցույց է տալիս, որ “Ռո ընդդեմ Ուեյդը” տապալման եզրին է, ցնցել է ԱՄՆ Կոնգրեսը: Մոտ 50 տարի առաջ, այս նշանավոր որոշումը օրինականացրեց աբորտը Միացյալ Նահանգներում: Պահպանողական հանրապետականները, որոնք տասնամյակներ շարունակ աշխատել են որոշումը չեղարկելու համար, դրական են գնահատել որոշման նախագիծը, մինչդեռ դեմոկրատ օրենսդիրները խոստացել են պայքարել դրա դեմ:

Դեմոկրատ օրենսդիրները քննադատում են որոշման նախագիծը: Նրանք ասում են, որ եթե դատարանը չեղյալ հայտարարի Ռոու ընդդեմ Ուեյդի նշանավոր որոշումը, որը գրեթե 50 տարի առաջ օրինականացրել է աբորտը, այդ քայլը կունենա ահռելի հետևանքներ:

«Ես բարկացած եմ, որովհետև Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում ծայրահեղական հինգ հոգի, կարծում են, որ կարող են թելադրել այս երկրի տասնյակ միլիոնավոր կանանց,» ասել է Սենատոր Էլիզաբեթ Ուորենը:

Նույնիսկ եթե Հարիսի քվեարկությունը թույլ է տալիս դեմոկրատներին վերահսկել ԱՄՆ Սենատը, Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը դաշնային մակարդակում աբորտի իրավունքը պաշտպանող ձայներ չունի օրենսդրություն ընդունելու համար: Սակայն, նա միևնույնն է ասել է, որ կանցկացնի քվեարկությունը հաջորդ շաբաթ:

«Յուրաքանչյուր ամերիկացի կտեսնի, թե որ կողմում է կանգնած յուրաքանչյուր սենատոր: Այս ամենը մեծ հետևանքներ կունենա Նոյեմբեր ամսվա ընտրությունների վրա, քանի որ 100 միլիոն կանանց իրավունքները այժմ քվեաթերթիկներում են,» ասել է նա:

Ռո ընդդեմ Ուեյդի տապալումը խնդիրը կդնի առաջիկա միջանկյալ ընտրությունների կենտրոնում: Ամերիկացիների մոտ 54 տոկոսը պաշտպանում է օրինականացված աբորտը: Սակայն պահպանողականները տարիներ շարունակ աշխատել են տապալել Ռո ընդդեմ Ուեյդը, և շատերն աջակցում էին նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ աբորտին դեմ Գերագույն դատարանի դատավորներ նշանակելու հարցում:

«Կյանքը պաշտպանելու համար պայքարը համահունչ է մեր իդեալներին, մարդու իրավունքներին նվիրվածությանը և անմեղների ու խոցելիների հանդեպ կարեկցանքին: Ես երախտապարտ եմ բոլոր ամերիկացիներին, ովքեր պայքարել են մարդկանց կյանքի իրավունքը պաշտպանելու համար,» ասել է Սենատոր Ջոն Թուն:

Առաջիկա շաբաթներին սպասվում է ԱՄՆ Գերագույն դատարանի վերջնական որոշման հրապարակումը: Այս նախագծում ընդունված որոշումը կհանգեցնի ԱՄՆ 13 նահանգներում աբորտի գրեթե անհապաղ արգելմանը և ճանապարհ կբացի լրացուցիչ 19 նահանգների ընթացակարգն արգելող օրենքների կիրառմանը:

Հոդվածը պատրաստվել է Քեթրին Գիփսոնի նյութի հիման վրա: