Ֆրանսիայի նախագահը հորդորել է Ռուսաստանին պատասխանատվություն ցուցաբերել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Ուկրաինայում ռուսական ագրեսիվ պատերազմի հետևանքների ահռելի ծանրությունը և կոչ է արել Ռուսաստանի ղեկավարին թույլ տալ մարդկանց հետագա տարհանումը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից, հաղորդել է Ելիսեյան պալատը:
Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել բարձրացնել իր պատասխանատվության մակարդակը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և դադարեցնել այս ավերիչ ագրեսիան, ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Սա Մակրոնի և Պուտինի առաջին խոսակցությունն էր մարտի 29-ից հետո։ Դրան նախորդել էր երեք օր առաջ Ֆրանսիայի առաջնորդի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցը։
Մակրոնը նաև վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ պատերազմի ավարտի և բանակցային խաղաղության հաստատման պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատելու համար, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգման համար։
Նա նաև կրկնել է հրադադարի իր պահանջը, ասվում է հայտարարության մեջ։
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա