Պենտագոնը ուկրաինացի զինվորականներին կպատրաստի նոր զինատեսակներով աշխատելու համար

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները կստանան նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ հաուբիցներ, հակահրետանային ռադարներ և հեռակառավարվող առափնյա պաշտպանության նավ։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ նոր զինատեսակների մի մասը, որն ԱՄՆ-ն ուղարկում է Ուկրաինա, կպահանջի ուկրաինական զինվորականության վերապատրաստում։

Ելույթ ունենալով Պենտագոնում լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում՝ Քիրբին ասել է, որ ուկրաինացի զինվորականներին, ամենայն հավանականությամբ, ավելի շատ ուսուցում կպահանջվի հաուբիցներ և հակահրետանային ռադարներ օգտագործելու համար, ինչը շատ դժվար չէ, սակայն նախկինում հասանելի չէր ուկրաինական բանակի համար:

Պենտագոնի խոսնակն ասել է, որ ԱՄՆ զինված ուժերը դեռ աշխատում են պատրաստման ձևաչափի վրա, սակայն վստահություն է հայտնել, որ համապատասխան դասընթացներ կկազմակերպվեն «շատ արագ»։ Քիրբին նշել է, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է Ուկրաինայի Զինված ուժերի առանձին ներկայացուցիչների վերապատրաստման մասին ՆԱՏՕ-ի եվրոպական բազաներում, որին կհետևի նրանց վերադարձը Ուկրաինա և դասընթացների անցկացումը զինվորականների ավելի լայն շրջանակների համար։

Այսօր կեսօրին պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է լրագրողներին, որ ուկրաինացիների համար ուսուցում կիրականացնեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի բազաներում տեղակայված ամերիկացի զինվորականները:

«Եթե Ուկրաինային տրամադրվող համակարգերի հետ աշխատելու համար լրացուցիչ ուսուցման անհրաժեշտություն լինի, մենք կդիտարկենք նման ուսուցման անցկացման մի շարք տարբերակներ… Այս տարբերակներից մեկն այն է, որ օգտագործենք [ԱՄՆ-ի կողմից ուսուցանելու համար] զինվորականներին, որոնք տեղակայված են ՆԱՏՕ-ի արևելյան թևում»,- ասել է աղբյուրը։

Օգնության նոր փաթեթի շրջանակներում Ուկրաինան կստանա նաև 11 Մի-17 ուղղաթիռներ, որոնք նախատեսված էին աֆղանական բանակի համար, բայց այդպես էլ չուղարկվեցին Աֆղանստան, որտեղ անցյալ տարի իշխանության եկան թալիբները։ Կիևը կստանա նաև 155 մմ տրամաչափի 18 հաուբից, 40000 հրանոթ, հակահրետանային ռադարներ, 200 զրահափոխադրիչներ և 300 Switchblade անօդաչու թռչող սարքեր։

Ջոն Քիրբին նաև ասել է, որ Ուկրաինան ԱՄՆ ռազմածովային ուժերը կտրամադրեն հեռակառավարվող առափնյա պաշտպանության նավ՝ որպես օգնության նոր փաթեթի մաս։ Նման նավերը սովորաբար օգտագործվում են ականների որոնման և ոչնչացման, հետախուզության, սուզանավերի որոնման և առափնյա ջրերի վերահսկման համար։ Քիրբին չի մանրամասնել՝ նշելով միայն, որ նավը օգտակար կլինի ուկրաինացիներին «առափնյա պաշտպանության տարբեր առաքելությունների համար»։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Պենտագոնը կապ ունի իր ռուս գործընկերների հետ, Ջոն Քիրբին ասել է, որ թեժ գիծը Մոսկվայի հետ դեռ գործում է, և այն ամեն օր վերահսկվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից: Սակայն, ինչպես նշել է Պենտագոնի խոսնակը, ինքը տեղեկություն չունի, թե արդյոք ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երբևէ ստիպված է եղել օգտագործել այս գիծը Մոսկվային որևէ հաղորդագրություն փոխանցելու համար։

Քիրբին հավելել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ Պենտագոնը հերթական անգամ փորձել է կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարարի հետ, սակայն Մոսկվան հետաքրքրություն չի ցուցաբերել նման զրույցի նկատմամբ։

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող Մի-17 ուղղաթիռներին, որոնք նախկինում նախատեսվում էր ուղարկել Աֆղանստան, Քիրբին ասել է.

«Այս 11 Մի-17 ինքնաթիռները նախատեսված էին Աֆղանստանի համար, դրանք տրամադրվում են մեր պաշարներից: Այժմ մենք նրանք ուղարկում ենք Ուկրաինա»,- հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ շեշտելով. «Մենք վերջերս արդեն հինգ Մի-17 ուղղաթիռ արդեն տրամադրել ենք Ուկրաինային, սա առաջին անգամը չէ, որ նրանց ենք փոխանցում Մի-17»:

Քիրբին պարզաբանել է, որ խոսքը ամերիկյան ռազմական օդաչուների կողմից Մի-17 ուղղաթիռների Ուկրաինա տեղափոխման մասին չէ։

Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմեր Զելենսկիին տեղեկացրել էր Կիևին ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու Վաշինգտոնի որոշման մասին, որը ներառում է ուղղաթիռներ, զրահափոխադրիչներ և հրետանի։