Մատչելի հղումներ

Պենտագոն. Ռուսաստանը Կիևի մերձակայքում վերաբաշխել է իր ուժերի մոտ 20%-ը


Ռուսաստանը վերաբաշխել է Կիևի շուրջ նախկինում կենտրոնացած իր ուժերի 20%-ից քիչ պակաս զորքեր: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Պենտագոնը։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, ակնկալվում է, որ Մոսկվան կվերազինի նրանց և կլրացնի պաշարները Ուկրաինայի տարածքում հետագա վերատեղակայման համար՝ առանց զինվորականներին տուն վերադարձնելու։

Չորեքշաբթի օրը ռուսական զորքերը գնդակոծել են Կիևի արվարձանները և պաշարել Չերնիգովը: Դրանից մեկ օր առաջ էր Մոսկվան հայտարարել, որ դադարեցնում է ռազմական գործողությունները երկու քաղաքների ուղղությամբ, ինչը Արևմուտքն անվանել է «հնարք»՝ վերախմբավորելու մեծ կորուստներ կրած իր ուժերը:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ռուսական զորքերի մի մասն արդեն տեղակայվել է Բելառուսում։ «Նրանք հեռանում են Կիևից և գնում դեպի հյուսիս՝ քաղաքից հեռու», - ասել է Քիրբին մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ Կիևը դեռևս ենթարկվում է օդային և ցամաքային հարվածների։

Սպիտակ տան մի ներկայացուցիչ, որը խնդրել է իր անունը չհրապարակել, ասել է, որ ռուսական զորքերի մի մասը նույնպես հեռանում է Չեռնոբիլի ատոմակայանի մոտակայքից:

Ռազմական վերլուծաբաններն ասում են, թե Ռուսաստանը վերաձեւակերպել է իր ռազմական նպատակները Ուկրաինայում այնպես, որ ձախողված արշավից եւ մեծ կորուստներ կրելուց հետո Մոսկվային ավելի հեշտ լինի հայտարարել փրկարարական պատերազմում հաղթանակի մասին:

Քիրբին հավելել է, որ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը մոտ 1000 վարձկան է ուղարկել Դոնբաս, որը Մոսկվան իր համար «առաջնահերթ» տարածաշրջան է հայտարարել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ ‘’Վագներ’’-ը և այլ մասնավոր խմբեր չեն ներկայացնում կառավարությունը եւ չեն վարձատրվում կառավարության կողմից, հավելելով, որ դրանք իրավունք ունեն գործելու այնքան ժամանակ, քանի դեռ չեն խախտում Ռուսաստանի օրենքները։

Անցյալ տարի Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց ‘’Վագներ’’-ի նկատմամբ՝ մեղադրելով մասնավոր ռազմական ընկերության ղեկավարությանը բռնություն հրահրելու, բնական ռեսուրսները թալանելու և աշխարհի երկրներն ապակայունացնելու մեջ:

Չորեքշաբթի օրը Ուկրաինան մեղադրեց Ռուսաստանին Սև ծովի ափերի մոտ ականներ տեղադրելու մեջ և հայտարարեց, որ այդ ականների մի մասը պետք է մաքրվեն Թուրքիայի և Ռումինիայի ափերից, քանի որ դա մեծացնում է տարածաշրջանում առևտրային նավարկության ռիսկերը:

Սև ծովը հացահատիկի, նավթի և նավթամթերքի փոխադրման հիմնական եվրոպական ճանապարհն է։ Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը և Թուրքիան, ինչպես նաև Ուկրաինան և Ռուսաստանը սևծովյան պետություններ են։

XS
SM
MD
LG