Սենատը հավանություն է տվել Ռուսաստանից նավթի ներկրումն արգելելու օրինագծին

Փաստաթուղթը, որն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի հաստատմանը, զրկում է Ռուսաստանի Դաշնությանը և Բելառուսին նաև առևտրի ոլորտում առավել բարենպաստ ազգի վերաբերմունք ունեցող երկրների կարգավիճակից։

Հինգշաբթի օրը Սենատը միաձայն հավանություն է տվել ռուսական նավթի ներկրումն արգելող օրինագծին։ Փաստաթղթում նաև ասված է, որ Ռուսաստանը, ինչպես նաև նրա մերձավոր դաշնակից Բելառուսը, Ուկրաինա ռազմական ներխուժում իրականացնելու կամ այս ներխուժմանը աջակցելու համար, զրկվում են առևտրի ոլորտում առավել բարենպաստ ազգ ունեցող երկրների կարգավիճակից։

Այս օրենքի ընդունումը ենթադրում է այդ երկրներից ԱՄՆ ապրանքների արտահանման մաքսատուրքերի պոտենցիալ բարձրացում։

Այժմ օրինագիծն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատ, որտեղ, ըստ վերլուծաբանների, այն կարող է ընդունվել արդեն հինգշաբթի երեկոյան։

Փաստաթուղթն այնուհետ կուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության համար:

Նախկինում Կոնգրեսի ստորին պալատն արդեն քվեարկել էր առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունման օգտին, սակայն այժմ ստիպված կլինի դա կրկին անել, քանի որ Սենատը փոփոխել է փաստաթղթի տեքստը։

Հոդվածը պատրաստվել է Ռոյթերս գործակալության նյութի հիման վրա