Նախագահը մասնակցել է ԱՄՆ-ի և Լեհաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների և պաշտպանության նախարարների բանակցություններին
Նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Լեհաստանի մայրաքաղաք կատարած իր այցի ժամանակ զրուցել է Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ այսպիսով աջակցություն ցույց տալով ՆԱՏՕ-ի արևելյան թեւին Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ:
Բայդենը մասնակցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ բանակցություններին։
ԱՄՆ-ն արտահայտել է իր «անդրդվելի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Կուլեբան լրագրողներին նշել է, որ Ուկրաինան երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից՝ լրացուցիչ անվտանգության ու պաշտպանական օգնություն տրամադրելու հարցում։
«Նախագահ Բայդենն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կփոխի 21-րդ դարի պատմությունը, և մենք միասին կաշխատենք, որպեսզի այդ փոփոխությունները կատարենք հօգուտ մեզ՝ հօգուտ Ուկրաինայի, ի նպաստ ժողովրդավարական աշխարհի», - ասել է Կուլեբան ուկրաինական հեռուստատեսությամբ:
Նախագահ Բայդենը հինգշաբթի հանդիպումներ է ունեցել G7-ի, եվրոպական և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, իսկ ուրբաթ օրը այցելել է Լեհաստանում տեղակայված ամերիկյան զորքերի ռազմակայան։ Շաբաթ օրը նա հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինա մարտական ինքնաթիռների հնարավոր տեղափոխման և Կիևին անվտանգության այլ երաշխիքների տրամադրման հարցը։
Վաշինգտոնը, ձգտելով խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ բախումից, այս ամսվա սկզբին մերժեց Լեհաստանի անակնկալ առաջարկը՝ վերջինի MiG-29 կործանիչները Գերմանիայում ամերիկյան բազա տեղափոխելու համար՝ ուկրաինական օդուժի զինանոցը համալրելու նպատակով:
Այժմ Լեհաստանը ցանկանում է արագացնել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, F35 կործանիչների և տանկերի գնումը սեփական անվտանգության համար, ինչպես նաև ստանալ ՆԱՏՕ-ի պարտավորության հաստատումը՝ դաշինքը մաս կազմող երկրների պաշտպանության վերաբերյալ։
Հոդվածը պատրաստվել է Ռոյթերս գործակալության նյութի հիման վրա