Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական զորքերի տեղաշարժով. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ջալինա Փորթերը, մարտի 25-ին լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի և դրան հաջորդած ամերիկյան կողմի արձագանքների վերաբերյալ հարցին, նշել է, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո շփման գծում ստեղծված իրավիճակին։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական զորքերի տեղաշարժով: Զորքերի տեղաշարժերը և լարվածությանը նպաստող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդը ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցերի ընթացքում վերահաստատել է այն, ինչ ասել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մարտի 21-ին և 22-ին ՀՀ վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցներում, ուր պետքարտուղարը երկու կողմերին կոչ էր անում զսպվածություն դրսևորել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ բոլոր առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։ «Հայաստանին և Ադրբեջանին ուղղակի անհրաժեշտ է օգտագործել ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ դեէսկալացիայի համար»,- շեշտել է Ջալինա Փորթերը։

Վերջինս հավելել է, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատելու իր հանձնառությանը՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։