Նորվեգիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռը աղետի է ենթարկվել 

Ենթադրվում է, որ ԱՄՆ ռազմական ինքնաթիռը, որում եղել են անձնակազմի չորս անդամներ, կործանվել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, ուրբաթ հայտնել է Նորվեգիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը

Ամերիկյան Osprey ռազմական ինքնաթիռը «անհետացել է 18:26 (1726 GMT) Նորվեգիայի հյուսիսում Բոդոյից հարավ» եղանակային վատ պայմանների ժամանակ, ասվում է արտակարգ իրավիճակների շրջանային ծառայության հայտարարության մեջ:

Ինքնաթիռի անձնակազմը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» զորավարժություններին։ Զորավարժություններին մասնակցում է 30 հազար մարդ ՆԱՏՕ-ի երկրներից և դաշինքի գործընկերներից։

HRS-ի հայտարարության մեջ ասվում է, որ օդային որոնումներ իրականացնող փրկարարները նկատել են ինքնաթիռի մասերն այն հատվածում, որտեղ այն անհետացել է, սակայն եղանակը չափազանց անբարենպաստ էր վայրէջք կատարելու համար:

Այժմ դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու ոստիկանները։

«Մենք [միջադեպի] վայրում չենք, ուստի մենք ոչինչ չգիտենք ինքնաթիռում գտնվող [անձնակազմի] չորս անձանց վիճակի մասին։ Բայց մենք գիտենք այն վայրը, որտեղ տեղի է ունեցել աղետը»,- ասել է HRS-ի խոսնակ Յան Էսկիլ Սեվերինսենը:

«Սառը արձագանք 2022» զորավարժությունների նպատակն է ստուգել, թե ինչպես է Նորվեգիան կառավարելու իր տարածքում դաշնակից ստորաբաժանումները ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության անհրաժեշտության դեպքում:

Զորավարժություններն անցկացվում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության պայմաններում Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու պատճառով, սակայն դրանք ծրագրվել էին փետրվարի 24-ին Կրեմլի կողմից սկսված ռազմական գործողություններից շատ առաջ: