ՄԱԿ. Ուկրաինան լքել է ավելի քան 3 միլիոն փախստական

Ամեն օր ավելի քան 75000 երեխա փախստական է դառնում

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) տվյալներով՝ ավելի քան 3 միլիոն մարդ լքել է Ուկրաինան Ռուսաստանի ներխուժումից հետո։ Նրանց թվում են մոտ 57,000 երրորդ երկրների քաղաքացիներ: ՄԱԿ-ը շեշտում է, որ մարդիկ փախչում են մարտական գործողությունների գոտուց և ռուսական ռմբակոծություններից, և որ փախստականների թիվը գնալով միայն կաճի։

Կիրակի օրը Լվովի մերձակայքում գտնվող Յավորիվ ռազմակայանին Ռուսաստանի հարվածներից հետո Արեւմտյան Ուկրաինայի բնակիչները զգացին, որ իրենք ևս ապահով չեն, և այժմ փախստականների հոսքը ներառում է նաև Արևմտյան Ուկրաինայի բնակչությունը։

Ուկրաինացի փախստականների մեծ մասը դեռ գտնվում է հարևան երկրներում՝ Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Մոլդովայում։ Ավելին, այժմ Լեհաստանում են գտնվում 1.8 միլիոն փախստականներ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 300 հազար մարդ մեկնել է Արևմտյան Եվրոպա։

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ը թվեր է ներկայացրել նաև ուկրաինացի փախստական երեխաների մասին:

«Փետրվարի 24-ից տասնյակ ուկրաինացի երեխաներ են սպանվել։ Շատերը՝ վիրավորվել։ Իսկ ավելի քան 1,5 միլիոն երեխա լքել է երկիրը։ Միայն մտածեք՝ պատերազմի սկզբից ամեն օր փախստական է դարձել միջինը ավելի քան 75000 երեխա։ Էլ ավելի ցնցող ցուցանիշ է, որ 55 երեխա ամեն րոպե լքում է երկիրը»,- ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) խոսնակ Ջեյմս Էլդերը:

«Այս ճգնաժամն աննախադեպ է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների հոսքի դինամիկայի և ծավալի առումով, և մենք դեռ չենք տեսնում դրա դանդաղեցման նշանները», - ասում է Էլդերը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաղորդագրություններ է տարածում փախստական երեխաների մասին, ինչպես նաև հիգիենայի պարագաներ է մատակարարում փախստականների կենտրոններին:

«Սակայն պետք է հստակ հասկանալ, որ չնայած բոլորի ջանքերին՝ կամավորներից մինչև կառավարություն, սկաուտներից մինչև ՄԱԿ-ի գործակալություններ, քանի դեռ այս պատերազմը շարունակվում է, Ուկրաինայի երեխաների վիճակը միայն կվատթարանա»,- զգուշացրել է գործակալությունը:

Նրանք, ովքեր հեռացել են պատերազմի սկզբում, հիմնականում ռեսուրսներ և շփումներ ունեին Ուկրաինայի սահմաններից դուրս, նշում է ՄԱԿ-ը՝ ընդգծելով, որ այսօր արդեն փախստական են դառնում նաև ավելի խոցելի խմբեր:

ՄԱԿ-ի աշխատակից Տատյանա Չաբակիի խոսքերով՝ արդեն փախստական են դառնում շատ տարեցներ և հաշմանդամներ: Այն մարդիկ, ովքեր սպասել ու հույս են ունեցել մինչև վերջին պահը, որ իրավիճակը կփոխվի։

Հաջորդ շաբաթ Բրյուսելում նախատեսված է Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը, որին կմասնակցի նախագահ Ջո Բայդենը, և որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Ուկրաինայից փախստականներին օգնություն տրամադրելու հարցը։