ԱՄՆ սկսել է տվյալներ հավաքել Ուկրաինայում ռուսական հնարավոր ռազմական հանցագործությունների մասին

Ենթադրվում է, որ ստացված տեղեկատվությունը կուղարկվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին

ԱՄՆ պաշտոնյաները սկսել են տեղեկություններ հավաքել՝ պարզելու համար, թե արդյոք Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինա ներխուժման ժամանակ, երկուշաբթի ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, նշում է Ռոյթերս գործակալությունը:

«Մենք ապացույցներ ենք հավաքում հնարավոր ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ: Մենք աջակցում ենք հաշվետվողականությանը բոլոր հասանելի գործիքների միջոցով, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, քրեական հետապնդումը», - նշեց վարչակազմի պաշտոնյան:

Ներխուժման ժամանակ ռուսական զորքերը հարձակվել են քաղաքացիական օբյեկտների և, մասնավորապես, ուկրաինական ատոմակայանների վրա։ ԱՄՆ-ը մտադիր է իր դաշնակիցների և գործընկերների հետ հավաքած տեղեկատվությունը ուղարկել Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, որը ստեղծել է հանձնաժողով՝ հետաքննելու և կանխելու Ռուսաստանի մարդու իրավունքների հնարավոր խախտումները, ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:

Բացի այդ, նշել է նա, Միացյալ Նահանգները և 44 այլ երկրներ ԵԱՀԿ-ի միջոցով ստեղծել են փորձագետների առաքելություն՝ հետաքննելու մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումները։