Սպիտակ տունը Կոնգրեսից ևս 10 միլիարդ դոլարի օգնություն է խնդրում Ուկրաինային

Նախատեսվում է, որ այս գումարը, COVID-19-ի դեմ պայքարի համար 22 միլիարդի հետ միասին, կներառվի կառավարության ֆինանսավորման մասին օրենքում

Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է Կոնգրեսից ավելի քան 32 միլիարդ դոլար խնդրել՝ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար և լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարում, գրում է Ռոյթերսը:

Այդ գումարից Բայդենի վարչակազմը 10 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական ու հումանիտար օգնության համար։ 22.5 միլիարդ դոլար կծախսվի COVID-19-ի հետևանքների վերացման և կանխարգելման համար։

Ինչպես նշվում է Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի (OMB) տնօրենի պաշտոնակատար Շալանդա Յանգի հայտարարության մեջ, առաջարկվող հատկացումը պետք է լինի ԱՄՆ կառավարության ֆինանսավորման բյուջեի օրինագծի մաս, որը նախատեսվում է ընդունել մինչև մարտի 11-ը:

Յանգն ընդգծել է Ուկրաինային և Կենտրոնական Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին օգնելու հրատապ անհրաժեշտությունը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պայմաններում:

Նա պարզաբանել է, որ այդ միջոցները կօգտագործվեն ուկրաինացի զինվորականներին մարզելու, ուկրաինական էներգամատակարարման համակարգը պաշտպանելու, կիբերպաշտպանության ամրապնդման և Կրեմլի դեմ լրացուցիչ պատժամիջոցների համար։