ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները կոչ են արել արգելափակել Մոսկվայի մուտքը Արժույթի միջազգային հիմնադրամի արտարժութային ակտիվներին

Օրենսդիրները ուղերձ են հղել ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական օրենսդիրները կոչ են արել ֆինանսների նախարարությանը արգելափակել Ռուսաստանի իշխանությունների բոլոր ապագա ֆինանսական գործարքները: Մոսկվան անցյալ տարի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պահուստներից ստացել է ընդհանուր 17 միլիարդ դոլար, տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նամակ է ստացել՝ հանրապետական 41 օրենսդիրների ստորագրությամբ, ուր ասված է, որ ԱՄՀ-ի գանձարանից 650 միլիարդ դոլար հատկացնելու Յելենի գաղափարը արտարժույթով «հատուկ իրավունքներ» ունեցող երկրներին, որոնց թվում է նաև Ռուսաստանը, սխալ է։

Նամակի հեղինակների, այդ թվում՝ Թենեսի նահանգի սենատոր Բիլ Հագերթիի և Արկանզասի կոնգրեսական Ֆրենչ Հիլլի կարծիքով, Մոսկվային նման գումարների հատկացումը կխաթարեր Կրեմլի դեմ պատժամիջոցների ազդեցությունը անգամ Ուկրաինա ռուսական ուժերի ներխուժումից առաջ։

«Անցյալ շաբաթ Ուկրաինա ներխուժումը հստակ ցույց է տալիս, թե ինչու ԱՄՀ-ն երբեք չպետք է հաստատեր 2021 թվականի օգոստոսին 650 միլիարդ դոլար արժութային պահուստների վերջին տրանշը «հատուկ իրավունքներ» ունեցող երկրներին»,- ասված է նամակում։

Ներկայումս ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատժամիջոցներ են սահմանել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի դեմ։ Ուղերձի հեղինակները, սակայն, պահանջում են, որ ֆինանսների նախարարությունը համաձայնություն ստանա ԱՄՀ անդամ մյուս երկրներից՝ Մոսկվային զրկելու միջազգային հիմնադրամից ստացված միջոցներն օգտագործելու հնարավորությունից։