Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդները երեքշաբթի փետրվարի 8-ին ուշ երեկոյան իրենց բանակցություններում քննարկել են լարվածության թուլացման ուղիները՝ կապված Ուկրաինայի սահմանին ռուսական ռազմական խմբավորումների կուտակումների հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել են Բեռլինում՝ «Վեյմարյան եռանկյունու» ձևաչափի շրջանակում։ Այս խումբը ստեղծվել է 1991 թվականին՝ ճգնաժամերին համատեղ արձագանքելու համար։ Վերջին անգամ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարներն այս ձևաչափով հանդիպել են 2011 թվականին։
Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը։ Բացի այդ, եվրոպացի առաջնորդները աջակցություն են հայտնել մինսկյան համաձայնագրի դրույթների իրագործմանը:
«Մեր ընդհանուր նպատակն է կանխել պատերազմը Եվրոպայում», - ասել է Շոլցը նախագահներ Մակրոնի և Դուդայի հետ բանակցություններից առաջ, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:
Կանցլեռը հավելել է, որ Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակումը մեծ անհանգստություն է առաջացնում, և եվրոպական երկրների գնահատականը և դիրքորոշումը այն իրավիճակի վերաբերյալ միասնական է. ցանկացած հետագա հարձակում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ անընդունելի է և կբերի ծանր հետևանքների Ռուսաստանի համար՝ քաղաքական, տնտեսական և աշխարհառազմավարական առումով:
Արևմտյան երկրներն ունեն մտավախություն, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան ասում է, որ չի ծրագրում ներխուժում, բայց կարող է «ռազմատեխնիկական միջոցների» դիմել, եթե չկատարվեն անվտանգության հետ կապված իր մի շարք պահանջները, այդ թվում՝ Կիևի՝ ՆԱՏՕ անդամակցության բացառումը:
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը Ռուսաստանին սպառնացել են պատժամիջոցներով, եթե վերջինս հարձակվի Ուկրաինայի վրա։ Մոսկվան, որը Եվրոպայի ամենամեծ էներգակիրն է, 2014 թվականից Ուկրաինայի Ղրիմի թերակղզին գրավելուց հետո արդեն պատժամիջոցների է ենթարկվել: Այսօր Մոսկվան նոր պատժամիջոցները որակում է դատարկ սպառնալիքներ:
Լեհաստանի նախագահ Դուդան ասել է, որ սա ամենադժվար իրավիճակն է, որին բախվել է Եվրոպան 1989 թվականից ի վեր. այդ ժամանակ Եվրոպայում փոփոխությունները հանգեցրին Բեռլինի պատի փլուզմանը 1989 թվականի նոյեմբերին և երկաթե վարագույրի վերացմանը:
«Մենք պետք է գտնենք այնպիսի լուծում, որով վստահաբար հնարավոր կլինի խուսափել պատերազմից: Սա է մեր ամենակարևոր նպատակն այս պահին: Ես հավատացա եմ, որ մենք կարող ենք հասնել դրան, և կարծում եմ, որ այս պահին ամենակարևորն այն է, որ մենք գործում ենք միասնության և համերաշխության մեջ: Մենք պետք է ցույց տանք, որ բարձրաձայնում ենք մեկ ձայնով, որ մենք միասնական ենք և որ մեզ հնարավոր չէ կոտրել: Կարծում եմ, որ մենք նաև պետք է ցույց տանք, որ չենք նահանջելու», - ասաց Դուդան:
Երկուշաբթի փետրվարի 6-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Շոլցի հետ հանդիպումից հետո ասաց, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որը պետք է կրկնապատկի Ռուսաստանից դեպի Գերմանիա հոսող գազի ծավալները, կդադարեցվի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: Շոլցն ասաց, որ կողմերը նույն մոտեցումն է ունեն Ուկրաինայի, Ռուսաստանի և պատժամիջոցների հարցում, սակայն ուղղակիորեն չհաստատեց «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ ծրագրերը: