Հայաստանում առաջին հերթին մտահոգված են տարածքային և սահմանային խնդիրներով. IRI հարցում

Ըստ Հայաստանում անցկացված Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հերթական սոցհարցման, Հայաստանում նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղով: Անցած տարվա դեկտեմբերին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների 34%-ն է կարծում, որ «Հայաստանը շարժվում է ճիշտ ուղով», իսկ 46%-ի կարծիքով՝ երկիրը ընթանում է «սխալ ուղղությամբ»: Անցած տարվա հուլիսին անցկացված հարցման ժամանակ, 41%-ը վստահ էր, որ «Հայաստանը ճիշտ ուղու վրա է», հակառակ կարծիքին էր հարցման մասնակիցների 34%-ը:

Շուրջ 51%-ը, որից 11%-ն՝ ամբողջապես, 40%-ը՝ մասամբ, բավարարված են, թե ինչպես է զարգանում ժողովրդավարությունը Հայաստանում: Հարցվողների 47%-ին, որից 21%-ը՝ մասամբ, իսկ 26%-ը՝ ամբողջապես, չի բավարարում ժողովրդավարության զարգացման ընթացքը: 31%-ը գտնում է, որ երկիրը կառավարվում է ի շահ մեծամասնության, սակայն 61%-ի կարծիքով կառավարումը իրականացվում է ի նպաստ որոշ խմբերի: Դրա հետ մեկտեղ, հարցման մասնակիցների զգալի մեծամասնությունը՝ շուրջ 66%-ը, վստահ է, որ հանրությունը չի վախենում ազատ արտահայտել իր կարծիքը: Միևնույն ժամանակ, Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից են, ըստ հետազոտության, տարածքային ու սահմանային հարցերը (34%), գործազրկությունը (17%), ազգային անվտանգությունը(17%):

Հանրային կառավարման ոլորտում, ըստ հրապարակված հետազոտության, հանրությունն ամենաշատը՝ 68 տոկոսը, բավարարված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքով, որից 35%-ը՝ լիովին, իսկ 33%-ը՝ մասամբ: Հաջորդ մարմինն է ոստիկանությունը, որի աշխատանքով բավարարված է ևս 68 տոկոսը՝ 25%-ը՝ լիովին, իսկ 43%-ը՝ մասամբ: ՀՀ վարչապետի գրասենյակի աշխատանքով են բավարարված հարցման մասնակիցների 49%-ը (19%-ը` լիովին, իսկ 30%-ը՝ մասամբ), դժգոհ են՝ 48-ը (33%-ը` չափազանց, իսկ 15%-ը՝ մասամբ): Ըստ հարցման, քաղաքացիներն ամենաշատը դժգոհում են Ազգային ժողովի աշխատանքից: Վերջինիս գործունեությամբ բավարարված է 31%-ը, որից 7%-ը` չափազանց, իսկ 24%-ը՝ մասամբ: Հայաստանի խորհրդարանի աշխատանքով դժգոհ են հարցման մասնակիցների շուրջ 67%-ը, որից չափազանց դժգոհ են 50%-ը, մասամբ` 17:

Հետազոտությունն անդրադարձավ նաև արտաքին քաղաքական հարցերին: Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տվյալների՝ Հայաստանի բնակչությունը որպես քաղաքական և անվտանգության ոլորտի ամենակարևոր գործընկերներ է դիտարկում Ռուսաստանն ու Ֆրանսիան, իսկ ամենակարևոր տնտեսական գործընկերներն են Ռուսաստանն ու Իրանը: ԱՄՆ-ը Հայաստանի երրորդ ամենակարևոր քաղաքական գործընկերն է (38%) և չորրորդը՝ տնտեսական (16%) և անվտանգության ոլորտներում (26%)՝ զիջելով տնտեսական համագործակցությամբ Չինաստանին (29%), իսկ անվտանգության համագործակցությամբ՝ Իրանին (31%): Հարցման մասնակիցների 53% կարծիքով Հայաստանը իր հետագա զարգացման համար պետք է բարելավի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: 35%-ի կարծիքով էլ հետագա զարգացման համար անհրաժեշտ է բարելավել կապերը ԱՄՆ-ի հետ:

Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք է դիտարկում նախ Թուրքիան, հետո Ադրբեջանը: Միայն 35%-ի կարծիքով Թուրքիայի հետ ճանապարհների վերաբացումը կունենա դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա: 53%-ը չի կիսում այս կարծիքը: Հարցման մասնակիցների 70 և ավել տոկոսը գտնում է, որ Հայաստանը պետք է երկխոսություն ծավալի և հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ՝ առաջ քաշելով Ցեղասպանության ճանաչման օրակարգն ու պահանջելով Թուրքիայից չխանգարել ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Հարցմանը մասնակցած քաղաքացների շուրջ 96%-ը վստահ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կարևոր է Հայաստանի ապագայի համար: Որպես հիմնախնդրի կարգավորման ընդունելի տարբերակ՝ մեծ մասը դիտարկում է ԼՂ անկախությունը կամ Հայաստանի հետ միավորումը: 56%-ի կարծիքով անհրաժեշտ է ուժեղացնել երկրի ռազմական ներուժը՝ խաղաղությանը հասնելու ընթացքում, իսկ 28%-ը գտնում է, որ խաղաղությանը ձգտելուն զուգահեռ Հայաստանը պետք է պատրաստ լինի պաշտպանել սեփական սահմանները:

Իսկ որքանով է կարող Հայաստանը ինքնուրույն պաշտպանել իր սահմաններն առանց դրսի ուժի օգնության: Այս հարցում 46%-ի կարծիքով Հայաստանը միանշանակ կամ որոշակիորեն ունակ է ինքնուրույն պաշտպանվել արտաքին հարձակման դեպքում, սակայն 53%-ի կարծիքով Հայաստանը ինքնուրույն չի կարող պաշտպանել իր սահմանների անվտանգությունը: 47%-ը նախընտրում է, որպես Հայաստանի սահմանների պաշտպանությանը օգնող տերություն, տեսնել Ռուսաստանին: 18%-ի կարծիքով այդ երկիրն է Միացյալ Նահանգները:

Հարցման մասնակիցների 25%-ի կարծիքով Հայաստանը պետք է սկսի սահմանների դելիմտացիայի և դեմարկացիայի գործընթացը ԼՂ հակամարտության կարգավորման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո: 16%-ը գտնում է, որ այս գործընթացը պետք է սկսել զինված ուժերի վերականգնումից հետո: Հարցման մասնակիցների ևս 16%-ը կարծում է, որ այս գործընթացի ծավալումը չի բխում հայկական կողմի շահերից: Միայն 15%-ն է պատրաստ սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը որքան հնարավոր է շուտ, իսկ 14%-ի կարծիքով այն պետք է սկսել հիմնական սկզբունքների պարզաբանումից հետո: