Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման «Ատլանտիկ» հանդեսին տված ծավալուն հարցազրույցում բացահայտել է արտաքին քաղաքականության հարցերում իր մոտեցումները եւ գաղտնիքները:
Խաղաղության գինը
Քննարկվող հարցերից կարեւորագույն տեղն է զբաղեցրել Մերձավոր Արեւելքի ճգնաժամի կարգավորման հեռանկարը: Օբաման, ով 2012-ին լուրջ քննադատության էր արժանացել Սիրիան ռմբակոծելուց հրաժարվելու համար, հիշեցնում է, որ ժամանակը ցույց տվեց իր որոշման արդարացիությունը.
«Ես հպարտ եմ այդ պահից (երբ հրաժարվեցի վավերացնել Սիրիայի ռմբակոծումները): Այն փաստը, որ ես ի վիճակի էի որոշումս փոխել չնայած ճնշումներին եւ անել այն, ինչ իմ կարծիքով Ամերիկայի շահերից էր բխում, ոչ միայն Սիրիայի, այլեւ՝ մեր ժողովրդավարության հետ կապված հնարավոր ամենաբարդ որոշումներից մեկն էր, եւ հավատացած եմ, արդարացի որոշում էր»:
Your browser doesn’t support HTML5
Ընդդեմ ճնշումների
Բարաք Օբամայի խոսքով, 2012-ին իր այդ որոշումը նա ընդունել էր չնայած հսկայական ճնշումներին ինչպես Կոնգրեսի հանրապետականների, այնպես էլ՝ իր աշխատակազմի կողմից:
«Վաշինգտոնում կա մի գործելաոճ, եւ ակնկալվում է, որ նախագահները դրան են հետեւելու», - պատմում է Օբաման: - «Այդ գործելաոճը գալիս է արտաքին քաղաքական հաստատություններից եւ կանխատեսում է, որ տարբեր իրադարձությունների նկատմամբ արձագանքը հիմնականում լինի ռազմական: Այն դեպքերում, երբ Ամերիկային ուղղակի վտանգ է սպառնում, այդ գործելաոճն աշխատում է: Սակայն, գործելաոճը կարող է նաեւ ծուղակ դառնալ, որը կարող է տանել դեպի վատ որոշումների ընդունում: Սիրիայի նման միջազգային մարտահրավերի դեպքում գործելաոճին չհետեւողները խիստ քննադատության ենք արժանանում, նույնիսկ եթե կան դրան չհետեւելու լուրջ պատճառներ»:
Ժամանակի դասերը
ԱՄՆ-ի նախագահի խոսքով, ինքը գիտակցում էր, որ Սիրիայի վերաբերյալ իր այդ որոշումը 2012-ին քաղաքական հետեւանքներ է ունենալու, եւ գիտեր, որ պատրաստ էր դրան: Մինչ օրս Սիրիայի նկատմամբ այդ որոշումը շատերը համարում են Օբամայի թույլ կողմերից մեկը: Սակայն, վերլուծաբանների խոսքով, Սիրիայի ռմբակոծումը 2012-ին չէր լուծի քիմիական զենքի ոչնչացման խնդիրը, որը մի քանի ամիս անց Սիրիան համաձայնեց ինքնակամ ոչնչացնել: Այսպիսով, ռմբակոծման դեպքում, այսօր Սիրիայում կլինեին նույն ահաբեկչական Դաեշի զինյալները, որոնք սակայն զինված կլինեին նաեւ կառավարությունից խլված քիմիական զենքով:
Կեղծ մահմեդականները
Անդրադառնալով Դաեշին եւ այլ ահաբեկիչների, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ անհրաժեշտ է ստույգ տարանջատելիրական կրոնի եւ դրա քողի տակ ահաբեկչություն գործողներին.
«Գոյություն ունի իսլամի բռնի, արմատական, նիհիլիստական մի մեկնաբանություն, որն ընդունված է մահմեդականների մի փոքր խմբի կողմից: Հենց դա է մեր թշնամին, հենց դրան մենք պետք է հաղթենք»:
Միեւնույն ժամանակ, իսլամիստական ահաբեկիչների դեմ պայքարում կարեւոր դեր պետք է խաղա հենց ավանդական մահմեդականությունը, համոզված է Օբաման.
«Անհրաժեշտ է նաեւ, որ Իսլամը որպես կրոն վիճարկի այդ մեկնաբանությունը, մեկուսացնի այն եւ խորը քննարկումներ առաջ քաշի հենց իր ներսում՝ խաղաղ ժամանակակից հասարակության ներսում Իսլամի դերի մասին»:
«Վախ զգալը բնական է»
Ինչ վերաբերում է Դաեշին, ապա դրա դեմ պայքարում պետք է լինել զգոն.
«Ես ընկերներ ունեմ, ում երեխաները հենց այս պահին Փարիզում են: Վախ զգալը բնական է: Կարեւոր է նաեւ, որ մենք ինքնագոհ չլինենք: Ինքնավստահ եւ ինքնագոհ լինելու միջեւ լուրջ տարբերություն կա»:
Գոյություն ունի իսլամի բռնի, արմատական, նիհիլիստական մի մեկնաբանություն, որն ընդունված է մահմեդականների մի փոքր խմբի կողմից
Դաեշի մարդասպանները թեեւ վտանգ են ներկայացնում ամերիկացիների, ինչպես նաեւ բոլոր այլ երկրների քաղաքացիների համար, սակայն գլոբալ մակարդակով հետամնաց այդ խմբավորումը Միացյալ Նահանգներին վտանգ ներկայացնել չի կարող:
«Իսլամական պետություն» խմբավորումը Միացյալ Նահանգների գոյության համար վտանգ չի հանդիսանում», - համոզված է Օբաման, ով հիշեցնում է, որ իրական վտանգ է, օրինակ, շրջակա միջավայրի փոփոխությունը, որն իր մեջ «պոտենցիալ վտանգ է կրում ամբողջ աշխարհի համար, եթե մենք այդ ուղղությամբ ոչինչ չանենք»:
Չինաստանի դերն աշխարհում
Մեկ այլ իրական վտանգ կարող է լինել Չինաստանը, որը սակայն, կարող է նաեւ դառնալ ԱՄՆ-ի հավասար գործընկերը՝ կիսելով պատասխանատվությունը գլոբալ խնդիրների կարգավորման գործում:
«Հավատացած եմ, որ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հարաբերությունները վճռական են լինելու: Եթե մեզ ամեն ինչ հաջողվի եւ Չինաստանը շարունակի իր խաղաղ զարգացումը, ապա կունենանք գործընկեր, որը կաճի եւ մեզ հետ կկիսի համաշխարհային կանոնակարգի պահպանման պարտականությունը», - նշել է Օբաման: Սակայն, «եթե Չինաստանին դա չհաջողվի, ապա մենք կկանգնենք ոչ միայն Չինաստանի հետ հակամարտության շեմին, այլեւ շատ ավելի մեծ դժվարությամբ կդիմակայենք նոր մարտահրավերներին»:
«Ռուսաստանն արյունաքամ է լինում»
Ի տարբերություն Չինաստանի, Ռուսաստանի դերն աշխարհում գնալով նվազում է: Օբաման թյուր է համարում այն կարծիքը, թե իբր Ուկրաինայում եւ Սիրիայում իր գործողություններով Մոսկվայի դերը համաշխարհային հարցերում ամրապնդվում է.
«Այն կարծիքը, թե Ռուսաստանն ավելի ամուր դիրքերում է Սիրիայում եւ Ուկրաինայում այսօր, քան մինչ Ուկրաինա ներխուժելը կամ մինչեւ Սիրիայում իրզորքերի տեղակայումը, վկայում է աշխարհում եւ արտաքին հարաբերություններում ուժի բնույթի հիմնովին սխալ ըմբռնման մասին»:
Նա հասկանում է, որ Ռուսաստանի ընդհանուր դիրքն աշխարհում զգալիորեն նվազել է
Իրականում Ռուսաստանի վերջին գործողությունները վնասում են նրա վարկանիշին միջազգային ասպարեզում: «Ռուսաստանը չափից ավելի է ընդլայնված:
Նրանք արյունաքամ են լինում: Եվ նրանց տնտեսությունն արդեն երրորդ տարին է, ինչ կտրուկ անկում է ապրում», - հիշեցնում է Միացյալ Նահանգների նախագահը:
Պուտինը «լրիվ հիմար չէ»
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահին, ապա Օբաման նրան անկեղծ գործիչ է համարում.
«Իրականում, մեր բոլոր հանդիպումների ընթացքում Պուտինը ծայրաստիճան քաղաքավարի եւ շատ անկեղծ է եղել: Մեր հանդիպումները չափազանց գործնական են: Նա ինձ երբեք երկու ժամ չի սպասեցրել, ինչպես դա արել է մի շարք այլ մարդկանց հետ»:
Փաստն այն է, որ չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, Ուկրաինան միշտ խոցելի է լինելու Ռուսաստանի կողմից ռազմական վտանգների նկատմամբ
Վլադիմիր Պուտինը, Օբամայի խոսքով, իրականում ցանկանում է վերադառնալ համաշխարհային առաջնորդների շարքերը.
«Նա միշտ հետաքրքրված է եղել, որպեսզի դիտարկվի որպես մեզնից մեկը եւ որպես մեզ հետ համագործակցության պատրաստ մեկը, որովհետեւ նա լրիվ հիմար չէ: Նա հասկանում է, որ Ռուսաստանի ընդհանուր դիրքն աշխարհում զգալիորեն նվազել է: Եվ այն փաստը, որ նա ներխուժել է Ղրիմ կամ փորձում է ամրապնդել Ասադին, նրան հանկարծակի դերակատար չի դարձնում: Դուք նրան չեք տեսնի այն հանդիպումներին, որոնց ընթացքում մշակվում է օրակարգը»:
Your browser doesn’t support HTML5
Ուկրաինան՝ հավերժ խոցելի դիրքում
Անդրադառնալով Ուկրաինայի դեմ ուղղված Ռուսաստանի գործողություններին՝Բարաք Օբաման նշել է, որ ուկրաինացիները, ովքեր պաշտպանված չեն Հյուսիսատլանտյան կազմակերպության վահանով, խոցելի դիրքում են Մոսկվայի նկատմամբ.
«Փաստն այն է, որ չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, Ուկրաինան միշտ խոցելի է լինելու Ռուսաստանի կողմից ռազմական վտանգների նկատմամբ»:
Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պատրաստ չէ հանուն Ուկրաինայի պատերազմել Ռուսաստանի դեմ, պարզ նշել է Օբաման: «Եթե Վաշինգտոնում կա մեկը, ով պատրաստ է Ռուսաստանի հետ զինված հակամարտության մեջ մտնել Ղրիմի եւ Արեւելյան Ուկրաինայի համար, ապա թող պարզ ասի այդ մասին», - պատասխանել է Բարաք Օբաման հանրապետական իր ընդդիմախոսներին: