«Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման մասնակիցները փորձում են խաթարել ԱՄՆ-ի և Կանադայի արևմտյան ափի քաղաքներում գտնվող նավահանգիստների աշխատանքը:
Շարժման մասնակիցները երկուշաբթի օրը բողոքի ցույցեր են անցկացնում ԱՄՆ-ի Անքորիջ, Լոս Անջելես, Պորտլենդ, Սան Դիեգո և Սիեթլ, ինչպես նաև Կանադայի Վանկուվեր քաղաքում:
«Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժման անդամները հանդես են գալիս տնտեսական անհավասարության և կորպորացիաների ագահության դեմ: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների իշխանությունները դադարեցրել են շարժման ակտիվիստների մի քանի ճամբարի գործունեությունը:
Այսպես, ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ՄըքՖիերսոն հրապարակում հավաք անցկացնող ցուցարարները դեկտեմբերի սկզբին սկսել էին երկհարկանի կառույցի շինարարական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկացրել էր ցուցարարներին, որ նման կառույցի շինարարությունն իրականացնելու համար թույլտվություն է անհրաժեշտ, ինչից հետո ժամանակ էր հատկացվել՝ կառույցը ապամոնտաժելու համար: Ցուցարարների կողմից ոստիկանության պահանջը չկատարելուց հետո ոստիկանության ծառայողները ձեռնարկել են միջոցներ, որոնց արդյունքում ձերբակալվել են կառույցի հիմքը չլքած ցուցարարները:
«Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժումը սկսվել է Նյու Յորքի Զուկոտի զբոսայգում սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստների կողմից, որոնք բողոքում էին ամբողջ աշխարհում հարուստների ու աղքատների միջև առաջացած և հետզհետե խորացող ճեղքվածքի դեմ։ Զբոսայգում տեղակայված ճամբարը սակայն վերացվել է նոյեմբեր ամսվա սկզբին: