Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մայրաքաղաքում ցուցարարները կարող են վտարվել զբոսայգիներից


ԱՄՆ-ի մայրաքաղաքում ցուցարարները կարող են վտարվել զբոսայգիներից
ԱՄՆ-ի մայրաքաղաքում ցուցարարները կարող են վտարվել զբոսայգիներից

«Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման ակտիվիստներին ներկայացվել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի հասարակական երկու զբոսայգում ճամբարները վերացնելու մասին կարգադրություն, որտեղ նշված վերջնաժամկետը լրանալուց հետո ցուցարարները կարող են ձերբակալվել:

ԱՄՆ-ի Զբոսայգիների ազգային ծառայությունը զգուշացրել է ցուցարարներին, որ մինչև երկուշաբթի կեսօր զբոսայգիները չազատելու դեպքում նրանք կարող են ձերբակալվել, իսկ իրենց պատկանող գույքն՝ առգրավվել:

Սոցիալական անհավասարության դեմ հանդես եկող շարժման ակտիվիստների մի խումբ, որոնք կազմում են «Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման մասերից մեկը, անցյալ տարվա հոկտեմբերից բողոքի ցույց են անցկացնում ԱՄՆ-ի Սպիտակ տան մոտակայքում գտնվող երկու զբոսայգում՝ չլքելով բողոքի վայրը նույնիսկ գիշերվա ժամերին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովներից մեկի նիստի ընթացքում հանրապետական օրենսդիրները հարցում են հղել զբոսայգիների ծառայությանը՝ հարցնելով, թե ինչու ցուցարարներին թույլատրվել է այսքան երկար ժամանակ անցկացնել դաշնային կառավարությանը պատկանող հողերում:

Վաշինգտոնում ցուցարարներին վերջնաժամկետ է ներկայացվել Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում «Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման ավելի քան 200 մասնակից ձերբակալելուց հետո, որոնք փորձել են գրավել այս քաղաքում գտնվող դատարկ շենքերից մեկը:

«Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժումը սկսվել է Նյու Յորքի Զուկոտի զբոսայգում սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստների կողմից, որոնք բողոքում էին ամբողջ աշխարհում հարուստների ու աղքատների միջև առաջացած և հետզհետե խորացող ճեղքվածքի դեմ։

XS
SM
MD
LG