Հանրապետականներն ու դեմոկրատները վերջին նախապատրաստություններն են տեսնում ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների նախօրեին, որոնք, փորձագետների կարծիքով, այժմ փոքրամասնություն կազմող հանրապետականներին հնարավորություն են ընձեռելու վերահսկողություն հաստատել Կոնգրեսի առնվազն մեկ պալատի նկատմամբ:
Հասարակության կարծիքի նոր հարցումները ցույց են տալիս, որ կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ հանրապետականներն առավել բարենպաստ դիրքեր են զբաղեցնում: «Յու Էս Էյ Թըդեյ» և «Գելափ» հասարակական կարծիքի համատեղ անցկացված հետազոտության արդյունքներով, հետազոտության 1 500 մասնակիցների 55 տոկոսն ասել է, թե ընտրություններին նախատեսում են ձայնը տալ հանրապետականներին, ինչը ամենամեծ տարբերությունն է` սկսած 1974 թվականից:
Վերլուծաբաններն ակնկալում են, որ հանրապետականների ստացած ձայների թիվը նրանց թույլ կտա վերահսկողություն հաստատել Ներկայացուցիչների պալատում, սակայն նրանց չի հաջողվի մեծամասնություն ձեռք բերել Սենատում: Կոնգրեսի երկու պալատն էլ այժմ վերահսկում են դեմոկրատները:
Երկրի տնտեսական իրավիճակն այս տարի դարձել էր դեմոկրատների համար ամենամեծ խնդիրը: Հանրապետականների համաձայն, քաղաքական էներգիան և պահն այս տարի բարենպաստ են իրենց համար ճիշտ այնպես, ինչպես 2006 և 2008-ին դրանք նպաստեցին դեմոկրատներին: