Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ու Չինաստանը համագործակցելու են համակարգչային անվտանգության ոլորտում


Չինաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները ձեռք են բերել համակարգչային անվտանգության ոլորտում համագործակցելու մասին համաձայնություն:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի և Չինաստանի իր գործընկեր Լյան Գուանլեն նման համաձայնություն են ձեռք բերել Վաշինգտոնում երկուշաբթի օրը կայացած հանդիպման արդյունքում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Պանետայի համաձայն, երկու պետությունների միջև համակարգչային անվտանգության խնդիրների շուրջ համագործակցությունը կարևոր է՝ ապագա ճգնաժամերից և թվային սպառնալիքների հետևանքով սխալ հաշվարկներից խուսափելու համար:

Չինաստանի իր գործընկեր Գուանլեն նշել է, որ Պեկինը նույնպես պատրաստ է իր լուման ներդնել համակարգչային անվտանգության բարձրացման համատեղ ջանքերին՝ հավելելով, որ վերջին տարիների Չինաստանը դարձել է համակարգչային հարձակումների ամենամեծ զոհերից մեկը:

Գուանլեն սակայն հերքել է այն մեղադրանքները, որոնց համաձայն Միացյալ Նահանգների ընկերությունների և պետական մարմինների վրա վերջերս իրականացված համակարգչային հարձակումների հետևում կանգնած են եղել Չինաստանի հաքերները:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունները մեղադրել են Չինաստանի հաքերներին ԱՄՆ-ի տնտեսական գաղտնի տեղեկությունների գողություն իրականացնելու մեջ: Չինաստանի իշխանությունները հերքել են հաքերների գործողություններին մասնակցելու կամ աջակցելու մասին լուրերը՝ ասելով, թե հաքերներ հաճախակի գործում են անանուն և նրանց բավականին դժվար է հետագծել:

XS
SM
MD
LG