Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել օգնություն տրամադրել՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու գործում


Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը հորդորել է հարուստ պետություններին նվիրատվություններ կատարել զարգացող պետություններին կլիմայի փոփոխությունների հետևանքների դեմ պայքարելու նպատակով ստեղծված հիմնադրամին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երկուշաբթի օրն ասել է, որ աշխարհի պետությունների կառավարությունները պետք է հայթայթեն միջոցներ «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ին 100 միլիարդ դոլար չափով նվիրատվություն կատարելու համար՝ նշելով, որ «դատարկ կաղապարի առկայությունը բավարար չէ»:

Այս հայտարարությամբ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդես է եկել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում անցկացվող «Կլիմայական խոցելիության համաժողով»-ի ընթացքում, որն անցկացվում է այս ամիս ավելի ուշ Հարավային Աֆրիկայում կլիմային խնդրին նվիրված կայանալիք ՄԱԿ-ի բանակցություններին ընդառաջ:

Բան Կի-մունն ասել է, որ կլիմայի փոփոխությունը համաշխարհային խնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ են աշխարհի բոլոր պետությունների ջանքերը, և արդարացի չէ, որ ամենաաղքատ և ամենախոցելի պետությունները վճարեն այս փոփոխությունների հետևանքների դեմ պայքարելու գինը:

«Կլիմայական խոցելիության համաժողով»-ն անցկացվում է երկու Ամերիկաների, Աֆրիկայի և Ասիայի պետությունների մասնակցությամբ և նպատակ է հետապնդում, որ ավելի հարուստ պետությունները խոստանան նվազեցնել համաշխարհային տաքացմանը նպաստող ածխածնի արտանետումները:

XS
SM
MD
LG