Էներգետիկայի միջազգային գործակալության կողմից հրապարակված զեկույցում նշվել է, որ պետությունների, ընկերությունների և սպառողների կողմից էներգիայի օգտագործման եղանակները արմատապես չփոխելու դեպքում աշխարհին սպառնում են վառելիքի «սարսափելի» բարձր գներ, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների ավելի բարձր վտանգ:
Գործակալության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում ներկայացված կանխատեսումների համաձայն, էներգիայի պահանջարկը մինչև 2035 թվականը բարձրանալու է 40 տոկոսով, ինչի պատճառով նավթի գինը կարող է բարձրանալ` գերազանցելով մեկ տակառի դիմաց 200 դոլարի սահմանը:
Զեկույցի հեղինակների համաձայն, Մերձավոր Արևելքն աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ պահանջարկին համապատասխան հնարավոր է զգալիորեն ավելացնել նավթի արդյունահանումը, սակայն նման ավելացում հնարավոր չի լինելու իրականացնել առանց ենթակառուցվածքային նախագծերի մեջ ներդրումներ կատարելու:
Էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցում նշվել է նաև, որ Ճապոնիայում տեղի ունեցած բնական աղետը բարձրացրել է միջուկային էներգետիկայի անվտանգության և ապագայի մասին մտահոգությունները, սակայն զեկույցի հեղինակները նշել են, որ առանց միջուկային էներգետիկայի է՛լ ավելի դժվար կդառանա բավարարել էներգիայի պահանջարկը, և դա կարող է հանգեցնել նաև կլիմայի փոփոխություններ առաջացնող ածխածնի արտանետումների ավելացման:
Զեկույցում ներկայացված կանխատեսումների համաձայն, հետագայի մի քանի տասնամյակի ընթացքում չնչին անկում կապրի հանածո վառելիքի օգտագործման միջոցով էներգիայի արտադրությունը, իսկ վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էներգիայի արտադրությունը նույնպես «համեստ» կլինի:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը հորդորել է դադարեցնել հանածո վառելիքի արդյունահանմանը ներկայումս տրամադրվող հարյուր միլիարդավոր դոլար ծավալով լրահատկացումները` փոխարենը նպաստելով էներգիայի արտադրության վերականգնվող աղբյուրների զարգացման: