Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային հնարավորինս թափանցիկ իրականացնել այն բարեփոխումները, որոնց օգտին կիրակի օրը երկրում կայացած հանրաքվեի արդյունքներով քվեարկել է Թուրքիայի բնակչության մեծամասնությունը :
Սպասվում է, որ բարեփոխումների իրականացման արդյունքում 30 տարի առաջ ընդունված Թուրքիայի սահմանադրությունը կհամապատասխանի եվրոպական չափանիշերին:
ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երկուշաբթի օրը ասել է, որ հանրաքվեի արդյունքները դրսևորում են Թուրքիայի քաղաքացիների նվիրվածությունը իրենց իրավունքներն ու ազատությունները ամրապնդող բարեփոխումներ անցկացնելու նկատմամբ:
Նա ասել է, որ Թուրքիայում պետք է ընդունվեն բարեփոխումների իրականացումն ի կատար ածող օրենքներ և ավելացրել, որ ԵՄ-ում այդ գործընթացին շատ ուշադիր են հետևում: Նա նույնպես կոչ է արել Թուրքիային հնարավորինս արագ նախապատրաստել նոր սահմանադրության նախագիծը:
Հանրաքվեն անցկացվել է 1980 թվականի ռազմական հեղաշրջման տարելիցի օրը:
Հանրաքվեի անցկացման օրը երկրի մի քանի քաղաքներում բռնություններ են տեղի ունեցել: Քրդական գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կոչ էր արել քրդերին բոյկոտել քվեարկությունը: Կուսակցության կարծիքով, փոփոխությունները չեն ներառում քուրդ ժողովրդին վերաբերող հարցերը: