Մատչելի հղումներ

Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեն վճռորոշ է երկրի ապագայի համար


Կիրակի օրը Թուրքիայում անցկացվելու է 1980 թվականին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ընդունված սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվե։

Հանրաքվեի ընթացքում երկրի քաղաքացիները քվեարկելու են 1982 թվականին ընդունված սահմանադրությունը եվրոպական նորմերին համապատասխանեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու համար նախատեսված 26 բարեփոխումներին կողմ կամ դեմ։ Այդ բարեփոխումները հանդիսանում են Եվրամիությանը անդամակցելու ջանքերում Թուրքիայի կողմից իրականացվող կարևորագույն քայլերից։

Առաջարկված բարեփոխումները վերաբերում են ոլորտների լայն շրջանակի՝ սկսած հաշմանդամների իրավունքների ընդլայնումից ընդհուպ մինչև դատավորների նշանակելու հարցում գործադիր իշխանությանն ավելի լայն իրավունքների տրամադրումը։

Շաբաթ օրը Եվրամիության կազմում Թուրքիան ընդգրկելու գործընթացն արագացնելու հնարավորությունները քննարկելու համար Բրյուսելում հանդիպել էին ԵՄ-ի անդամ պետությունների նախարարները։

Սկսած 2005 թվականից, 27 անդամ պետություն ընդգրկող Եվրամիության կազմ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները գրեթե կանգ էին առել, քանի որ Ֆրանսիան և Գերմանիան դեմ էին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը։

Սակայն ԵՄ–ը գնալով ավելի մեծ պատրաստակամություն է հայտնում Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման, Իրանի միջուկային ծրագրի և Բոսնիայի խնդիրների լուծման ուղղությամբ Թուրքիայի հետ աշխատելու հարցում, հավատալով, որ Անկարան մեծ ազդեցություն ունի նշված բնագավառներում:

XS
SM
MD
LG