«Թուրքիան փոխհատուցում կառաջարկի քուրդ ապստամբների դեմ ուղղված հարձակման ընթացքում սխալմամբ սպանված 35 քաղաքացիական անձանց ընտանիքներին»:
Այս հայտարարությամբ, ըստ «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի, հադնես է եկել Թուրքիայի փոխվարչապետ Բուլենթ Հարինչը՝ պնդելով սակայն, որ այս երկրի զինված ուժերի հրամանատարությունը ճիշտ է հետևել ընթացակարգերին և նույնիսկ նախազգուշացնող կրակոցներ է արձակել:
Թուրքիայի փոխվարչապետը երկուշաբթի ուշ երեկոյան չի մանրամասնել սակայն, թե որքան է կազմելու զոհված անձանց ընտանիքներին տրամադրվելիք փոխհատուցման գումարը, սակայն հայտնել է, որ վճարներն կիրականացվեն գալիք մի քանի օրվա ընթացքում:
Թուրքիայի փոխվարչապետ Հարինչի համաձայն, իր երկրի կառավարությունը փորձում է հայթայթել փոխհատուցման գումարն ավելացնելու միջոցներ:
Հարինչն ասել է նաև, որ քաղաքացիական անձանց մահվան պատճառը դարձած օդային հարձակման փաստով իրականացվում է հետաքննություն:
«Այս միջադեպը որևէ կերպ կանխամտածված չէր», - շեշտել է Թուրքիայի փոխվարչապետը:
Թուրքիայի օդուժի հարվածի պատճառով քաղաքացիական անձանց մահվանից հետո Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը որպես ահաբեկչական է ճանաչված Թուրքիայի և Արևմուտքի պետությունների կողմից, սպառնացել է վրեժխնդիր լինել և բողոքի ցույցեր անցկացնելու կոչերով է հանդես եկել: