Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան. «Տանգոն մենակ չեն պարում»


Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել «Ժամանակակից Թուրքիայի դերը Մերձավոր Արևելյան գործընթացների համատեքստում» թեմայով:

Քննարկմանը ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Նամիկ Թանը, որը խոսեց արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ իր երկրի դիրքորոշման մասին:

Ըստ դեսպանի, Լիբիայից նախորդ շաբաթների ընթացքում էվակուացվել է Թուրքիայի շուրջ 20 հազար քաղաքացի, ովքեր այդ երկրում աշխատում էին ավելի քան 200 մեծ ու փոքր շինարարական կազմակերպություններում:

Նամիկ Թանը նշեց, որ Լիբիայում վերջին տասնամյակի ընթացքում թուրքական ներդրումների ծավալներն անցել են 50 միլիարդ ԱՄՆ դոլարից:

Թուրք դիվանագետը խոսեց իր երկրի այսպես կոչված «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության մասին, ըստ որի Թուրքիան փորձում է փոփոխել իր արտաքին քաղաքական գերակայությունները:

«Այս քաղաքականությունը», - նշել է Թանը, - «դրսևորվում է Թուրքիա-Իրան, Թուրքիա-Սիրիա, ինչպես նաև Բալկանյան և Կովկասյան տարածաշրջանների հետ երկրի հետ հարաբերությունների տեսանկյուններից»:

Եթե Իրանի և Սիրիայի հետ հարաբերություններում որոշակի առաջընթաց արձանագրվել է, ասենք վիզային ռեժիմի մեղմացման, առևտրի և ապրանքաշրջանառության, ինչպես նաև այլ ոլորտներում, ապա Կիպրոսյան հիմնահարցի և հայ-թուրքական հարաբերությունների առումով կարելի է պնդել հակառակը:

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին Նամիկ Թանը պատասանեց, որ իր երկիրն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ ավելացնելով, թե անհրաժեշտ է կողմերի համար առավել ընդունելի լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հարցում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է ձեռք բերվեն համաձայնություններ՝ իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը զբաղեցրել է Ադրբեջանի 20 տոկոսը, ինչն անըդունելի է մեզ համար», - նշել է դեսպանը:

Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հետագա ընթացքը կապելով Արցախյան հիմնահարցի հետ՝ Թուրքիայի դեսպանը մեջբերեց անգլերեն «տանգոն մենակ չեն պարում» թևավոր խոսքերը` նկատի ունենալով այն, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի համար պատասխանատվությունն ընկնում է կողմերից յուրաքանչյուրի վրա:

XS
SM
MD
LG