ՆԱՏՕ-ի օդուժը երեքշաբթի առավոտյան հուժկու ռմբակոծության է ենթարկել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին։
Ականատեսները հաղորդել են մայրաքաղաքում տեղի ունեցած առնվազն հինգ հուժկու պայթյունի մասին, որոնց հետևանքով քաղաքով ծուխ է տարածվել։
Հարձակման հետևանքով վնաս է հասցվել պետական գործակալություններից մեկի շենքին, քանդվել է հեռահաղորդակցման աշտարակներից մեկը։
Հաղորդագրությունների համաձայն, հարվածները վնասվածքներ կարող են հասցրած լինել նաև այն համալիրին, որտեղ բնակվում է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ընտանիքը։
Սովորականից ավելի ուժգին այս ռմբակոծությունից մեկ օր առաջ ՆԱՏՕ-ի օդուժի հարձակմանն էին ենթարկվել Լիբիայի արևմտյան Զինթան քաղաքի մոտակայքում գտնվող զենքի պահեստները։