Մատչելի հղումներ

Թուլուզի դպրոցում հրաձգություն կատարած կասկածյալը պատրաստվում է հանձնվել


«Թուլուզ քաղաքում երեք երեխաների և ուսուցչի սպանությունն իրականացրած հանցագործը պատրաստվում է հանձնվել»:

Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի ոստիկանությունը, որի համաձայն Թուլուզի հրեական դպրոցում սպանություններն իրականացրել է ծնունդով Ալժիրից 24-ամյա անձը, որի անունն է Մուհամեդ Մերահ:

Ոստիկանությունը շրջափակել է կասկածյալին Թուլուզում գտնվող տներից մեկում: Դեպքի վայր ժամանած Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանի համաձայն, ոստիկանությունը նախատեսում է Մերահին կենդանի ձերբակալել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Գեանը հայտնել է նաև, թե կասկածյալն իրեն «ալ-Քայիդա» ահաբեկչական խմբավորման գրոհային է անվանել, իսկ դպրոցի վրա հարձակմամբ` վրեժխնդիր եղել Իսրայելի զինվորականների կողմից պաղեստինցի երեխաների սպանության համար:

Ոստիկանության կողմից չորեքշաբթի օրը ձեռնարկված գործողությունների արդյունքում նույն տանը ձերբակալվել է կասկածյալի եղբայրը:

Հիշեցնենք, որ կասկածյալը մեղադրվում է Ֆրանսիայի հարավարևմտյան Թուլուզ քաղաքում երեք երեխա և մեկ մեծահասակ մասնավոր դպրոցում երկուշաբթի վաղ առավոտյան բացված կրակի հետևանքով սպանելու մեջ: Կասկածյալի կողմից բացված կրակի պատճառով զոհվել են դպրոցում դասավանդող ուսուցիչն ու չորս, հինգ և յոթ տարեկան հասակի երեք երեխա:

Հարձակման արդյունքում սպանվածների աճյունները տեղափոխվել են Իսրայել և թաղվել Երուսաղեմի մոտակայքում գտնվող «Գիվաթ Շաուլ» գերեզմանոցում: Հուղարկավորության արարողությունն այցելել են հազարավոր մարդիկ, որոնց թվում է եղել Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն:

Թուլուզում տեղի ունեցած սպանությունների պատճառով ընտրարշավը դադարեցնելու մասին էր հայտարարել Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, նախընտրական արշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտնել էին նաև նախագահական ընտրություններում սոցիալիստների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Հոլանդն ու աջ հայացքների հարող թեկնածու Մարի ԼեՊենը:

XS
SM
MD
LG