Մատչելի հղումներ

Ֆրանսիան շարունակում է պայքարն ահաբեկչության դեմ


Ֆրանսիայի ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան իրականացված մի քանի շուրջկալի արդյունքում ձերբակալել է մահմեդական ծայրահեղականների հետ հնարավոր կապեր ունեցող տասը կասկածյալի:

Ոստիկանության կողմից գործողություններն իրականացվել են Բելգիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Ռուբե, ինչպես նաև հարավային նավահանգստային Մարսել քաղաքներում:

Իր անունը բացահայտելուց հրաժարված Ֆրանսիայի պաշտոնյաներից մեկի համաձայն, ձերբակալված տասը կասկածյալները հայտնաբերվել են ծայրահեղականների համացանցային կայքերն ուսումնասիրելու միջոցով, որտեղ նրանք ջիհադ վարելու պատրաստակամություն են հայտնել: Ձերբակալված որոշ կասկածյալների նույնիսկ կատարել են Աֆղանստանի և Պակիստանի սահմանի մոտակայքում գտնվող ջիհադիստների վերապատրաստման ճամբարներն այցելելու փորձ:

Ֆրանսիայի իշխանությունները մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում արդեն երկրորդ անգամ են իրականացրել մահմեդական հնարավոր զինյալների դեմ ուղղված գործողությունները: Երկրի ոստիկանությունն անցյալ ուրբաթ օրն իրականացված նման գործողությունների արդյունքում ձերբակալել է առնվազն 13 կասկածյալի:

Ոստիկանությունն այս գործողություններն իրականացնում է Ֆրանսիայում ծավալված նախընտրական պայքարի պայմաններում, որտեղ երկրի պահպանողական նախագահ Նիկոլա Սարկոզիին որպես մրցակից է հանդես գալիս սոցիալիստների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիայի իշխանությունները խոստացել են ուժեղացնել մահմեդական ծայրահեղականության դեմ պայքարն անցյալ ամիս ծայրահեղական Մոհամեդ Մերահի կողմից Թուլուզ քաղաքում երեք երեխաների, իրենց ուսուցչի, ինչպես նաև երեք զինծառայողների իրականացրած սպանություններից հետո:

XS
SM
MD
LG