Մատչելի հղումներ

Աֆղանստանում ինքնասպան ահաբեկչի հարձակման պատճառով կան բազմաթիվ զոհեր


Աֆղանստանում ինքնասպան ահաբեկչի հարձակման պատճառով կան բազմաթիվ զոհեր
Աֆղանստանում ինքնասպան ահաբեկչի հարձակման պատճառով կան բազմաթիվ զոհեր

Աֆղանստանի արևելյան մասում ռազմական և քաղաքացիական նպատակներով օգտագործվող օդանավակայանի մոտակայքում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման պատճառով զոհվել է ինը մարդ:

Այս մասին հայտնել է երկրի ոստիկանությունը՝ հավելելով, որ երկուշաբթի օրը Ջելալաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում իրականացված պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:

Տեղական իշխանությունների վկայությամբ, պայթյունի հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի մեկ զինծառայող և օդանավակայանի պահակներից երկուսը, սակայն զոհերի մեծ մասը կազմում են քաղաքացիական անձինք:

Հարձակման համար, որն իրականացվել է Բագրամ օդային ռազմակայանում ՆԱՏՕ-ի զինծառայողների կողմից Ղուրանի այրմամբ հրահրված և արդեն մի քանի օր չդադարող խռովությունների ընթացքում, պատասխանատվություն են ստանձնել թալիբները: Խռովությունների զոհ արդեն իսկ գնացել է ավելի քան 30 մարդ, ներառյալ ԱՄՆ-ի զինծառայողներին:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում կիրակի օրը մեկնարկել են երկրի անվտանգության ծառայության այն աշխատակցին որոնելու աշխատանքները, որն, ըստ կասկածների, պատասխանատվություն է կրում է ամերիկացի երկու զինվորականների սպանության համար։

Սպանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Քաբուլում, ներքին գործերի նախարարությունում։ ԱՄՆ-ի սպանված զինծառայողները հայտնաբերվել են մի սենյակում, ուր մուտք կարող էին գործել միայն փականի հատուկ գաղտնաբառն իմացող անձինք:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, կիրակի օրը անդրադառնալով այս սպանություններին, ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:

Ամերիկացի երկու սպաների սպանությունից հետո հետ են կանչվել Աֆղանստանի պետական հաստատություններում աշխատող միջազգային կառույցների բոլոր աշխատակիցները։

Նախարարությունում իրականացված գրոհի պատասխանատվությունը ստանձնել են թալիբները:

XS
SM
MD
LG