Ռուսաստանի իշխանությունները շարունակում են կալանքի տակ պահել ընդդիմության առնվազն 250 ցուցարար, որոնք մասնակցել են ընտրությունների ընթացքում իրականացված խարդախությունների դեմ անցկացված աննախադեպ ցույցին:
Ցույցի կազմակերպիչները երեքշաբթի օրը հայտնել են, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված ցույցի ձերբակալված մասնակիցների մեծամասնությունը դեռևս մնում է կալանքի տակ:
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է այնտեղ անցկացված նման հանրահավաքի մոտ 120 մասնակից:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ուժերը երեքշաբթի օրը դուրս են բերվել Մոսկվայի փողոցներ՝ այսօր քաղաքում կայանալիք հանրահավաքների ընթացքում «հասարակական կարգը պահպանելու նպատակով»:
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը երկու օր շարունակ «լուրջ մտահոգություն» է արտահայտել Ռուսաստանում անցկացված քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների հանգամանքով:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչների հետ իր ունեցած զրույցում արտգործնախարար Քլինթընն ասել է, թե Ռուսաստանում անհրաժեշտ է անցկացնել «ընտրությունների ընթացքում իրականացված խարդախությունների և մեքենայությունների հետաքննություն»:
Ընտրությունների ընթացքին հետևող ԵԱՀԿ-ի դիտորդներն ավելի վաղ հաղորդել են վարչապետ Պուտինի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության օգտին ընտրությունների կանոնների բազմաթիվ խախտումների մասին: Դիտորդների համաձայն, ընթացակարգային խախտումներ են գրանցվել ընտրողների ձայնի հաշվարկի ընթացքում, ընտրությունների ընթացքում տեղ են գտել քվեատուփերի մեջ մեծ թվով քվեաթերթիկներ լցնելու բազմաթիվ փաստեր և չի ապահովվել թափանցիկությունը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը սակայն պնդել է, որ երկրում անցկացված ընտրությունները եղել են «ազնիվ, արդար և ժողովրդավարական»: