«Հայաստանից վտարված ադրբեջանցիները պահպանում են փախստականի կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո պետք է վերադառնան իրենց տները»:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այս հայտարարությամբ լրագրողների առջև հինգշաբթի օրը հանդես է եկել Ադրբեջանի փախստականների և տեղահանված անձանց պետական հանձնաժողովի նախագահ Ալի Գասանովը:
Գասանովն ասել է, որ 2001 թվականին Ադրբեջանի այնժամյա նախագահ Հեյդար Ալիևը ստորագրել է հրաման Հայաստանից ժամանած փախստականների համար նոր բնակելի տարածքի շինարարության մասին` շեշտելով, որ այդ մարդիկ պահպանել են փախստականի կարգավիճակը: Նրա համաձայն, ադրբեջանցի փախստականների կողմից այս տարածքներ վերադառնալու հնարավորությունը, պայմաններն ու իրավունքները, ինչպես նաև նրանց կարգավիճակը դեռևս ուժի մեջ են:
Գասանովն ասել է, որ «Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրումից հետո հաջորդը բարձրացվելու է փախստականների Հայաստան վերադառնալու հարցը»` հավելելով, որ Ադրբեջանը չի հրաժարվի վտարված անձանց իրավունքների վերականգնման պահանջներից:
«Պնդելու ենք, որ մեր հայրենակիցները բնակություն հաստատեն այնտեղ» - ասել է Ադրբեջանի փախստականների և տեղահանված անձանց պետական հանձնաժողովի նախագահ Ալի Գասանովը: