Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է պաղեստինցիների պետությունը ճանաչելու առաջարկը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է պաղեստինցիների պետությունը ճանաչելու առաջարկը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է պաղեստինցիների պետությունը ճանաչելու առաջարկը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը քննարկելու է պաղեստինցիների պետությունը ճանաչելու առաջարկը:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը, որն ուրբաթ օրը ՄԱԿ-ին ներկայացրել է պաղեստինցիների պետության լիարժեք ճանաչման առաջարկը, կիրակի օրը, վերադառնալով Հորդանան գետի արևմտյան ափ, հերոսի ընդունելության է արժանացել:

Ռամալլայում հավաքված հազարավոր իր աջակիցներին Աբբասն ասել է, որ նրանք մասն են «Պաղեստինյան գարնան», և որ ինքը վերսկսելու է խաղաղության բանակցությունները միայն այն դեպքում, եթե Իսրայելը դադարեցնի օկուպացված տարածքներում բնակավայրերի կառուցումը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ պաղեստինցիների կողմից ՄԱԿ-ին դիմելը սխալ է և չպետք է իրենց համար հաջողությամբ ավարտվի, քանի որ նրանք ցանկանում են հիմնել պետություն՝ առանց նախ և առաջ Իսրայելին անվտանգության երաշխիքներ տրամադրելու: Նեթանյահուն կրկին հորդորել է պաղեստինցիներին առանց նախապայմանների վերսկսել խաղաղության բանակցությունները:

Պաղեստինցիների բարձրաստիճան պաշտոնյա Հանան Աշրավիի համաձայն, Իսրայելն իր կողմից անընդունելի նախապայմաններ է դրել խաղաղության բանակցությունների անցկացման համար: Նրա համաձայն, «Իսրայելը ցանկանում է իրեն միացնել Երուսաղեմը և օրակարգից հեռացնել պաղեստինցի տեղահանված անձանց խնդիրը»:

Աշրավիի համաձայն, Իսրայելը «ցանկանում է ավարտի հասցնել իր ծրագրերը, ապա նոր սկսել բանակցությունները»:

Մերձավոր Արևելքի հարցով միջազգային քառյակը, որի կազմում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, Եվրոպական Միությունը և Ռուսաստանը, կոչ է արել Իսրայելին և պաղեստցինցիներին վերսկսել բանակցությունները և համաձայնության գալ մինչև հաջորդ տարվա սկիզբը:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի նա հավանության է արժանացրել Քառյակի ծրագիրը և կոչ է արել պաղեստցինցիներին «չորոնել բանակցություններից խուսափելու պատրվակներ»:

XS
SM
MD
LG