Մատչելի հղումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կողմ է քվեարկել կազմակերպությանը պաղեստինցիների անդամության


ՅՈՒՆԵՍԿՕ-ն կողմ է քվեարկել կազմակերպությանը պաղեստինցիների անդամության
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կողմ է քվեարկել կազմակերպությանը պաղեստինցիների անդամության

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը կողմ է քվեարկել որպես կազմակերպության լիարժեք անդամ ընդունելու պաղեստինցիների դիմումին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 193 անդամներից պաղեստինցիներին որպես լիարժեք անդամ ընդունելուն կողմ է քվեարկել 107, դեմ` 14, ձեռնպահ է մնացել 52 անդամ:

Որոշումն ընդունելու համար պահանջվում էր ՄԱԿ-ի այս գործակալության անդամների ձայների երկու երրորդը:

Կողմ քվեարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամներն են Ֆրանսիան, ինչպես նաև գրեթե բոլոր արաբական, աֆրիկյան, լատինաամերիկյան և ասիական պետությունները, ներառյալ Չինաստանն ու Հնդկաստանը:

Իսրայելը, Միացյալ Նահանգները, Կանադան և Գերմանիան քվեարկել են այս որոշման դեմ: Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մնացել են ձեռնպահ:

Փարիզից իր գործունեությունն իրականացնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված որոշումը նոր թափ է հաղորդելու պաղեստինցիների պետությունը որպես անկախ պետություն ճանաչելուն ուղղված ջանքերին: Որոշումը սակայն կարող է ֆինանսական հետևանքներ ունենալ կազմակերպության համար, քանի որ Միացյալ Նահանգներում գործող օրենքների համաձայն Վաշինգտոնին արգելվում է ֆինանսական միջոցներ տրամադրել ՄԱԿ-ի որևէ գործակալության, որին անդամակցում է պաղեստինցիների պետությունը:

Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորման ամենամեծ աղբյուրն է, որը ապահովում է գործակալության բյուջեի 22 տոկոսը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Դեյվիդ Քիլոնը «վաղաժամ» է անվանել պաղեստինցիների պետությունը որպես ՄԱԿ-ի գործակալության անդամ ընդունելու մասին որոշումը` ասելով, որ այն կարող է «բարդություններ ստեղծել» ԱՄՆ-ի կողմից գործակալության օժանդակություն տրամադրելու հարցում:

XS
SM
MD
LG